tert.am:  Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությանը, որում վերջինս նշել էր, որ Հունաստանը ռազմականացրել է Թուրքիային սահմանակից այն 23 կղզիներից 16-ը, որոնք ըստ միջազգային պայմանագրերի պետք է ապառազմականացված լինեին: 

Հունական կողմի հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայից եկող սպառնալիքների պարագայում իրենք իրավունք ունեն ուժեղացնելու իրենց տարածքների` այդ թվում կղզիների պաշտպանությունը:

«Առնվազն երկերեսանիություն է միջազգային պայմանագրերի վկայակոչումը մի երկրի կողմից, որը շարունակ խախտում է գրեթե բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանության իրավունքը, պատերազմով է սպառնում իրենց օրինական իրավունքներն իրագործող հարևաններին: Եվ դեռ գովասանքի է արժանանում Լիբիա զենք ուղարկելու արգելքը խախտելու համար»,-ասված է Հունաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Հունական կողմը նշել է նաև, որ Թուրքիայի կողմից Միջազգային իրավունքի նորմերը հարգելու մասին կոչերի անտեսման դեպքում իրենք շարունակելու են լուրջ մտահոգություններ ունենալ: