ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել աշխատանքային հանդիպումներից մեկից՝ կից նշելով.


«Այսօր ԱԺ-ում հանդիպել եմ Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ: Հանդիպման ընթացքում կարևորել եմ նախորդ տարի հոկտեմբերին ձևավորված Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի աշխատանքները, որոնք մեծապես կնպաստեն երկու երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսության հիմնադրումը այդ կապերի հաստատման կարևոր քայլերից է, որը կխթանի զբոսաշրջության զարգացմանը:

Բարձր եմ գնահատում Մեքսիկայի Միչոական-դե-Օկամպո նահանգի Կոնգրեսի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունումը և հուսով եմ, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Հանդիպման ընթացքում նաև շեշտել եմ, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերում»: