Հուսով եմ՝ նոր իրավիճակում Հանրային ռադիոն նոր դիրքեր կնվաճի. Նիկոլ Փաշինյան
13:39 - 07 մայիսի, 2019

Հուսով եմ՝ նոր իրավիճակում Հանրային ռադիոն նոր դիրքեր կնվաճի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ռադիոյի օրվա առթիվ այցելել է Հայաստանի Հանրային ռադիո: 

Որպես խորհրդանշական քայլ՝ վարչապետը նախ իր մասնակցությունն է բերել 2018 թ. ապրիլի 14-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կոտրված դռան վերականգնման շինաշխատանքներին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է ուղղել, որում, մասնավորապես, նշել է.

«Թույլ տվել շնորհավորել Հայաստանի Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին և ռադիոլսողներին՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ և Հայաստանի բոլոր ռադիոաշխատողներին, որովհետև հիմա մեր երկրում բազմաթիվ ռադիոկայաններ կան, մաղթել նրանց հաջողություններ և հույս ունենալ, որ լրատվական այս նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը կամ, ավելի ճիշտ, նոր դիրքեր կնվաճի:

Ցանկանում եմ ասել, որ պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել, և ինձ շատ դուր են գալիս հատկապես ռադիոյի «Ոսկե ֆոնդ»-ի հաղորդումները: Ես հույս ունեմ, որ այդ լավագույն ավանդույթները կշարունակվեն, և Հանրային ռադիոն իսկապես կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, համապատասխանող լրատվամիջոց»:

Եվ մի ցավալի արձանագրում եմ արել մեր ռադիոյի կապակցությամբ. Խորհրդային միության տարիներին Հայկական ռադիոն հայտնի էր իր անգերազանցելի հումորներով: Չգիտեմ ինչու, այդ ավանդույթը և այդ պատմությունը կամ ինչ-որ տեղ դանդաղել է կամ ինչ-որ տեղ կանգ է առել: Հույս ունեմ, որ Հանրային ռադիոյի այդ իմիջը նույնպես կվերականգնվի, և Հանրային ռադիոյի հումորները՝ հիմա արդեն միջազգային հարթակներում, նոր փառք ձեռք կբերեն՝ այդպիսով բարձրացնելով նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը և վարկանիշը:

Կրկին շնորհավորում եմ և շատ ուրախ եմ, որ այսպիսի պայմաններում եմ անցած տարվա ապրիլի 14-ից հետո այցելել Հայաստանի հանրային ռադիո: Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Ես այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր այդ օրվա համար որևէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել:

Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, և ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն և երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է Հանրային ռադիոյի մեկնաբանի հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ վարչապետի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսին, քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը, տնտեսական հեղափոխության իրականացմանը, նաև վարչապետի արձակուրդ գնալուն:

Կառավարության ղեկավարը նախ նշել է, որ մտադիր է վաղը մամուլի ասուլիսն սկսել Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: Ի պատասխան հարցի, թե մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո չի պատրաստվում օգտվել արձակուրդի իր իրավունքից, վարչապետը նշել է, որ մտադիր է հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ վերցնել և անցկացնել այն Հայաստանի Հանրապետությունում:

Ինչ վերաբերում է քաղաքացիների առաջնահերթ հուզող խնդիրներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախկինում, ամենակարևոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: Ինչպես ասել եմ նախկինում, արդեն իսկ այդ թեմային որոշակի քայլեր արվել են, առաջիկայում էլ կարվեն:

Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 մլն ԱՄՆ դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք, մեր հաշվարկով, պիտի խթան հանդիսանան տնտեսության համար: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն ընդունելի վիճակում է, և հիմա ամենակարևոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումը զգան, իրենց բարեկեցության աճն զգան:

Ես վաղվա ասուլիսում այդ թեմայով բազմաթիվ տվյալներ կհրապարակեմ, որովհետև այսօր էլ արդեն, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց եկամուտները, աշխատավարձերը, թոշակները բարձրացել են, և ես մանրամասն վաղը այդ մասին կխոսեմ:

Բայց, իհարկե, սա ճանապարհի սկիզբն է, և կարծում եմ, որ վաղվա ամենակարևոր արձանագրումը կլինի այն, որ մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք և կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել»: Տնտեսական հեղափոխության մասով վարչապետն ասել է՝ կարելի է արձանագրել, որ տնտեսական հեղափոխության առաջին՝ ամենաակտիվ փուլը հաջողություն ունի, բայց այդ մասին առավել մանրամասն կխոսի վաղը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Ռադիոտանը, շնորհավորել Հանրային ռադիոյի ղեկավարությանը, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին և «Ռադիոլուր»-ի լրագրողական թիմին Ռադիոյի օրվա առթիվ, մաղթել աշխատանքային ձեռքբերումներ և հաջողություններ:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Հանրային ռադիոյի զարգացման մոտեցումները, առկա ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական պայմաններն ու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Հանրային ռադիոյի արխիվի՝ հայկական ամենամեծ աուդիո արխիվի թվայնացման գործընթացին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել