Հրամայական է պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու խնդիրը. Արթուր Դավթյան |news.am|

09:56 - 01 հուլիսի, 2019

news.am։ Եվ այսօր ես առանձնակի հպարտությամբ եմ ամրագրում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ արդյունքներ՝ ինչպես քրեական գործերի հարուցման, քրեական հետապնդման ենթարկված եւ դատի տրված պաշտոնատար անձանց, այնպես էլ պատճառված վնասի վերականգնման ուղղություններով:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նշենք, որ հանդիսավոր նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նա, մասնավորապես, նշել է.

«Թվային ցուցանիշներով ձեզ չեմ ծանրաբեռնի: Միայն նշեմ, որ նշածս բոլոր ուղղություններով մենք ունենք նախորդ տարիների համեմատ անգամներով ավելի արդյունքներ:

Դրանք պայմանավորված են երեք հիմնական գործոններով: Առաջինը, ինչպես նշեցի, հանրային լայնամասշտաբ շարունակվող աջակցությունն է, երկրորդը՝ իրավապահ մարմինների կողմից դրսեւորվող վճռականությունն ու հետեւողականությունը: Եվ երրորդը, որը անկյունաքարային նշանակություն ունի, քաղաքական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարը բացարձակ առաջնահերթություն հռչակելն է:

Վերջինս առարկայորեն դրսեւորվում է գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողության արդյունքում տարատեսակ չարաշահումների, հանցավոր դրսեւորումների վերաբերյալ դատախազությանը, մյուս իրավապահ մարմիններին տեղեկացնելու միջոցով:

Այս առումով հարկ եմ համարում մեկ կարեւոր շեշտադրում կատարել: Առավելաբար նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման հանգամանքը չի կարող որեւէ կերպ մեկնաբանվել որպես որեւէ տեսակի խտրականության դրսեւորում: Այն ունի մեկ թիրախ՝ հանցագործություն կատարած յուրաքանչյուր սուբյեկտ՝ անկախ այն բանից՝ նրանք նախկի՞ն, թե՞ ներկա պաշտոնատար անձինք են:

Այս տարվա ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններ կատարած գործող, այդ թվում բարձրաստիճան, պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, կարծում եմ, կասկածի տեղիք չեն տալիս, որ այս պայքարը իրավականից բացի որեւէ այլ ենթատեքստ չունի:

Հավաստիացնում եմ՝ Դատախազությունն ունի բավարար ներուժ՝ առանց որեւէ կաշկանդվածության իրացնելու սահմանադրական իր անկախ կարգավիճակից բխող գործառույթները՝ այս պայքարը նույնպիսի հետեւողականությամբ շարունակելու համար:
Մենք հպարտանում ենք այն արդյունքներով, որոնք արձանագրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազության բացառիկ իրավասության իրականացման ոլորտում:

Միայն 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացրած հաղորդումներով, հարուցված քրեական գործերով եւ քննչական մարմիններ ուղարկված նյութերով բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ:

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր է դարձել բացահայտել առանձին ոլորտներում պետության կողմից իրականացված ծրագրերի շրջանակում տեւականորեն կիրառված կոռուպցիոն սխեմաներ:

Այս արդյունքները միանշանակ մեզ հիմք են տալիս պնդելու, որ առկա է դատախազության կարեւորագույն այդ գործառույթի իրացման դաշտն ընդլայնելու եւ դրա համար իրավական բազա ստեղծելու անհրաժեշտություն:

Չնայած վերոնշյալ ձեռբերումներին՝ մենք եւս մեծ հաշվով բավարարված չենք արդյունքներով: Որովհետեւ վստահ ենք՝ կարող ենք ավելին անել եւ որովհետեւ առկա է ավելին անելու հասարակական ադեկվատ պահանջ:

Մեզ համար արդեն իսկ տեսանելի ու շոշափելի է, որ կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ուղղակի հրամայական է պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու խնդիրը:

Մենք տեսնում ենք դրա լուծումը օրենսդրական փոփոխությունների միջոցով՝ հիմնված սեփականության անձեռնմխելիության մասնավոր եւ սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման վրա:

Մենք քաջ գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը հնարավոր չէ բարձրացնել՝ առանց կանխարգելման, ուսուցման, վերլուծության բաղադրիչների զարգացմանը միտված ինստիտուցիոնալ մոդելային նոր կառուցակարգերի: Եվ ոգեշնչված լինելով դրանց ներդրմանն ուղղված ընթացող բարեփոխումների մեկնարկով՝ ներգրավվել ենք համապատասխան ռազմավարական լուծումների մշակման եւ բյուրեղացման գործընթացներում:

Մենք մշտապես հետեւողական ենք քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովման գործում եւ իբրեւ մինչդատական վարույթում օրինականության ապահովման, քրեական քաղաքականության մշակման պատասխանատու՝ դատախազությունը ձգտում է միջազգային լավագույն փորձի, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, առհասարակ իրավունքի զարգացման ժամանակակից տենդենցներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները, առաջնահերթ ուղղություններով փոխել պրակտիկան, ձերբազատվել նախկին տենդենցիոզ ավանդույթներից:

Այս տեսակետից մեր ակնդետ ուշադրության կենտրոնում են նախնական կալանքի, ձերբակալության ոլորտները, արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդեմ հարցման, դատավարության ողջամիտ ժամկետների եւ քննության որակի ապահովման, այդ համատեքստում նաեւ փորձաքննությունների նշանակման, կատարման պրակտիկան եւ այլն: Գուցե դանդաղ, բայց համատեղ ուժերով հիմնավորապես բարեփոխելու ենք այս ոլորտները՝ շահագրգիռ ու մասնագիտական բոլոր շրջանակների ներգրավմամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել