Ձերբակալվածներին և կալանավորներին անարգել տեսակցելու նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|
13:50 - 11 փետրվարի, 2020

Ձերբակալվածներին և կալանավորներին անարգել տեսակցելու նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, չնայած բացասական եզրակացություն էր տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկին, սակայն խորհրդարանն այն ընդունեց` ընդգրկելով լիագումար նիստերի օրակարգ:

Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը` կրկին հիշեցնելով, որ այս նախագիծը տարբեր տարիների գրեթե բոլոր ընդդիմադիրները ներակայացրել է, սակայն այն մերժվել է:

Տարոն Սիմոնյանի խոսքով` ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունեն անարգել մուտք գործել, բայց սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և լինում են այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն նրեն թույլ չի տրվում շփվել կալանավորների հետ:

«Այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին»,- ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ` նախագիծը շատ կարևոր է, և բազմիցս է տարբեր իշխություն-ընդդիմությունների ժամանակ առճակատման առիթ դարձել:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ շատ են եղել դեպքեր, երբ այցելել են ՔԿՀ-ներ, սակայն չեն կարողացել կալանավորին այցելել, իսկ ՔԿՀ-ի պետն առաջարկել է իր աշխատասենյակում թեյ խմել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց` հանձնաժողովում քվեարկության ժամանակ մեծամասնությունը ձեռնպահ է մնացել:

«Միանշանակ բոլորը կողմ են արտահայտվել, որ պատգամավորը ձերբակալվածին պետք է հնարավորություն ունենա հանդիպելու, բայց տեսակցության ինստիտուտը առանձին ինստիտուտ է»,- ասաց նա` կոչ անելով կողմ քվեարկել և հնարավորություն ընձեռել, որ նախագիծը ներառվի օրակարգ:

Նախագիծը 116 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել