«Ձևակերպվում են երկրորդ, երրորդ կարգի օրակարգեր և կարևորվում մամուլում» |media.am|
15:42 - 18 հունիսի, 2019

«Ձևակերպվում են երկրորդ, երրորդ կարգի օրակարգեր և կարևորվում մամուլում» |media.am|

media.am։ Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս պատմական փուլում կարևոր է համարում հանրության ինքնակազմակերպումը:

Նա վստահ է, որ հեղափոխությունից ծնված մեծ համաժողովրդական ալիքը պետք է նյութականացնել՝ ստեղծելով մարդկանց ու գաղափարների հավաքագրման մոդելներ: Հակառակ դեպքում՝ էներգիան կմարի, իսկ քաղաքական ու լրատվական դաշտերը կհանձնվեն էքստրավագանտ կերպարներին:

Որպես մեկ տարվա ձեռքբերում նշվում է խոսքի աննախադեպ ազատությունը: Այդպե՞ս է:

Ցանկացած ազատություն, այդ թվում մամուլի, ունի իր ձևական ու բովանդակային դրսևորումները: Զուտ ձևականորեն, այո, մենք ունենք ազատ մամուլ: Ընդ որում, վերջին տասը տարում այն եղել է քիչ թե շատ ազատ, այսինքն մամուլի սպառողը ունեցել է ընտրություն: Բայց դա նաև կեղծ ընտրություն էր, քանի որ չի եղել բովանդակային ազատություն և իրական ընտրություն, քանի որ մամուլը արտահայտել է, պայմանականորեն ասած, հասարակության 10%-ի կարծիքը:

Իրականում կան հասարակության շերտեր, որոնց ասելիքը ոչ ձևակերպվում է, ոչ էլ տեղ է հասնում: Ձևական ազատությունը դա է:

Նույնը քաղաքական դաշտում է. ունենք ընտրելու հնարավորություն բայց այն ձևական է:

Իսկ դա պետությա՞ն խնդիրն է:

Իհարկե, իրական ընտրություն ապահովելը պետության խնդիրն է: Եվ դա չի նշանակում, թե ուզում ենք, որ իշխանությունները գծեն քաղաքական դաշտն ու սահմանների մեջ պահեն մամուլը: Խոսքը նման կոպիտ կացնային մեթոդների մասին չէ:

Շահերը պետք է արտահայտվեն ու նաև մրցակցեն իրար հետ թե՛ քաղաքական, թե՛ մամուլի դաշտում:

Պետությունը պետք է պայմաններ ապահովի, որ ներկայացուցչությունը քաղաքական պայքարում առնվազն լինի ազնիվ: Այլապես ընտրություն չի լինի, կամ ստիպված ընտրելու ենք նույն ուժին:

Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ժողովուրդը ուզի, նա ցանկացած պահի կարող է հեռանալ, դա այդքան էլ ճիշտ չէ: Կարծում եմ՝ նա կարող է հեռանալ միայն այն պահին, երբ ապահովված լինի իրական ընտրությունը: Միայն ընտրություն չկեղծելը բավարար չէ:

Կարծիք ձևավորողները, ազդեցություն ունեցողները հիմա այլևս միայն խոշոր լրատվամիջոցները չեն: Մեկ մարդը կարող է մեծ դեր խաղալ մեդիայում և ավելի հեշտ ու արագ: Արդյո՞ք նույնը չենք կարող ասել քաղաքականության մասին:

Մեկ մարդը հեշտությամբ կարող է կարծիք ձևավորել, ասենք, Ֆեյսբուքում: Բայց նրան վերահսկելն էլ է հեշտ: Մեծ ռեսուրսների տիրապետող ուժը կարող է նրան «կուլ տալ»՝ Ֆեյսբուքը լցնելով այլ բովանդակությամբ:

Այդպես եղավ 2009-ին, երբ սկսեց ակտիվորեն ձևավորվել Ֆեյսբուքի հայկական հատվածը: Այն ժամանակ իշխանությունների թևերից մեկը, որը նաև լավ տիրապետում էր տեխնոլոգիաներին ու գրագետ էր, արագորեն գրավեց դաշտը: Ֆեյսբուքն էլ դարձավ ոչ թե հանրության տեսակետների բազմազանությունը ներկայացնող, այլ կարծիքը վերահսկող ու մանիպուլացնող գործիք:

Եթե փող ունեցողը կարողանում է գրավել ամբողջ մեդիա դաշտը (կոպիտ հաշվարկով՝ վերահսկել մեդիա դաշտի 90%-ը), դա հանրության համար դառնում է խնդիր: Տեխնոլոգիաները թույլ են տալիս որոշ չափով մրցակցել, բայց դա արդար մրցակցություն չէ, քանի որ չես կարող մի ողջ համակարգի դեմ դուրս գալ փոքր թիմով:

Կարող ես լինել ավելի արդյունավետ, բայց մրցակցել չես կարող:

Անկախ, ազատ անհատը, որը մրցակցում է իրենից լավ կազմակերպված ուժի հետ, չպիտի ի սկզբանե պարտված լինի:

Հարցը սա է. ինչպե՞ս անել, որ հանրության մեծամասնությունը, որը չի տիրապետում ռեսուրսների, կազմակերպված չէ, արտահայտի իր շահն ու տեսակետը:

Մինչև այժմ դա տեղի է ունեցել միայն մեծ հանրահավաքային շարժումների դեպքում (բայց դա ժամանակավոր գործողություն է) և ընտրությունների միջոցով (դրան հատկացված մեկ օրում):

Կարծիքի արտահայտման ուրիշ ճանապարհ չի եղել ու չկա, նույնիսկ, եթե իշխանությունը ձևավորվել է հենց մեծամասնության կողմից:

Մեծ հաշվով, աշխարհի ամբողջ կառուցվածքը դա է՝ անունով դեմոկրատիա, բայց իրական հանրային վերահսկելիության մեխանիզմների պակաս:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել