Ղազախստանի հետ առայժմ չի հաջողվում պայմանավորվել մեքենաների հարցով. Դավիթ Անանյան |lragir.am|
13:44 - 13 փետրվարի, 2020

Ղազախստանի հետ առայժմ չի հաջողվում պայմանավորվել մեքենաների հարցով. Դավիթ Անանյան |lragir.am|

lragir.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին։ Նա նշեց՝ հայկական կողմը մտադիր է դիմել ԵՏՄ-ին՝ սահմանը չհատած մեքենաների համար արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը երկարաձգելու հարցով։ «Եթե մենք մուտք ենք գործել ԵՏՄ և հինգ տարվա բացառություն ենք վերցրել, հինգ տարի օգտագործել ենք ներպետական օրենսդրությունը ոչ միայն մեքենաների, այլ 700 ներկրվող ապրանքատեսակների նկատմամբ։ Եթե դուք մտածում եք, որ մենք ամեն տարի պետք է ասենք՝ ժողովուրդ, հիշեք, որ հինգ տարին դարձել է չորս տարի, երեք տարի, երկու տարի և այդպես շարունակ․․․

Ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար չափով նախազգուշացրել է։ Եվ հատկապես 2019 թավականին նախապես զգուշացրել է՝ այնպես պլանավորեք ձեր լոգիստիկան, բեռնափոխադրումները, որ կարողանաք բերել, հասցնել։ Եթե դուք կարծում եք, որ պետությունն անընդհատ պետք է ներպետական ինչ-որ միջոցառումներ անի, պետությունն այդպես չի կայանում, պետության հետ մի քիչ ավելի լուրջ պետք է վերաբերվել»,- ասաց Անանայանը։

Նա նշեց, որ 189 հազար մեքենա է 2019 թվականին ներմուծվել Հայաստան։ Անդրադառնալով ղազախական կողմի հետ ծագած խնդիրներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նրանց հետ քննարկումներ են եղել հունվարի վերջին, Ղազախստանում։ Քննարկումների առաջին փուլում ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել։

«Ղազախական կողմն ունի իր պահանջները հայկական կողմին։ Նրանք շատ բան ուզում են ԵՏՄ հարթակում կարգավորել, ինչը այդքան էլ ընդունելի չէ մեզ համար։ Հետևաբար, առաջին փուլը չի ստացվել, երկրորդ փուլը որպեսզի ստացվի, մենք պետք է իդենտիֆիկացնենք, թե քանի մեքենա ունենք, որ դեռևս պետք է գան Հայաստան, որովհետև կան մեքենաներ, որոնք դեռևս չեն հատել ՀՀ սահմանը։ Եվ մեր քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում։ Մենք ավելի շատ այդ մեքենաների մասին ենք մտածում, որ երկրորդ անգամ փորձ կատարենք ԵՏՄ հարթակում խնդիրը քննարկելու»,- նշեց նա։

Անանյանը հավելեց, որ կարող են ԵՏՄ գործընկերներին խնդրել, որ կոնսենսուսով հետաձգվի նոր մաքսատուրքերի կիրառումը այն մեքենաների համար, որոնք մնացել են Վրաստանում, մարդիկ, չեն կարողանում բերել։ «Մենք դա փորձելու ենք իրականացնել, բայց դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ, չենք կարող ասել որովհետև հինգ երկրի փոխվարչապետեր են նստում ու որոշում։ Ամեն երկիր կարող է ունենալ իր մտահոգությունները, և Ղազախստանն ամենամեծ մտահոգություն հայտնող երկիրն է»,- ընդգծեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել