news.am: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս տարի կարեւոր տեղ կզբաղեցնի նախագահության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի ԱԳՆ ղեկավար Էդի Ռաման։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է գործունեություն ծավալել հակամարտային եւ հետհակամարտային իրավիճակներում։

«Քանի որ ճգնաժամն Ուկրաինայում եւ նրա շուրջ մնում է Եվրոպայում անվտանգության ամենաօրհասական սպառնալիքը, չափազանց կարեւոր է Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) ուրույն ներդրումը լարվածության թուլացման եւ խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում»,- նշում է Ռաման։

Նրա խոսքով՝ Ալբանիայի նախագահությունն իր ներդրումը կունենա ԵԱՀԿ սկզբունքների եւ պարտավորությունների հարգման եւ Մինսկյան համաձայնագրերի լրիվ կատարման գործում՝ աջակցելով Եռակողմ կոնտակտային խմբի ջանքերին եւ Նորմանդական ձեւաչափի գործընթացին։

Ինչպես նշում է Ռաման, «Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Ժնեւյան միջազգային բանավեճերը եւ դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարեւոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»։

Էդի Ռաման նշել է, որ Ալբանիայի նախագահության 2020 թվականի գլխավոր կարգախոսն է՝ «Միասին կատարելով մեր պարտավորությունները»։