ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 2 նոր վճիռ է հրապարակել |tert.am|
08:17 - 10 դեկտեմբերի, 2019

ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 2 նոր վճիռ է հրապարակել |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորին 1200 եվրո վճարել:

Հայցվորը՝ Կարինե Համբարձումյանը, հայցը ներկայացրել է 2011թ. hունիսի 27-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման պնդումով:

Նրա պնդմամբ՝ ինքը դարձել է ապօրինի գաղտնի հսկողության օբյեկտ, և որ այդ ճանապարհով ստացված ապացույցը դատական գործի շրջանակում իր դեմ է կիրառվել՝ այդպիսով դատական գործն անազնիվ դարձնելով:

Նշվում է, որ Համբարձումյանը ՄԻԵԴ դիմելու ժամանակ իր պատիժն արդեն կրելիս է եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Նախքան ազատազրկումը, Համբարձումյանը ծառայել է որպես գաղութի պետի տեղակալ, սակայն 2010թ. փետրվարի 2-ին կալանավորներից մեկը նրան մեղադրել է կաշառակերության համար:

Այնուհետև ոստիկանության նախաձեռնությամբ Համբարձումյանի նկատմամբ մեկ ամիս շարունակ գաղտնի տեսաձայնային հսկողություն է իրականացվել՝ կաշառակերության վերաբերյալ անհրաժեշտ ապացույցներ ստանալու նպատակով:

Հայցվորը ՀՀ կառավարությունից 30 000 եվրո է պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ հրաժարվելով դատական ծախսերի փոխհատուցումից, սակայն պատասխանող կողմը պահանջվող գումարը չափից ավելի է համարել: ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և ըստ այդմ՝ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում հայցվորին պետք է 1200 եվրո փոխհատուցի:

ՀՀ-ի դեմ մեկ այլ հայցի քննման շրջանակում ՄԻԵԴ-ը չի բավարարել ՀՀ երեք քաղաքացու՝ Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի և Աշոտ Զաքարյանի հայցը:

«Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը ներկայացվել է 2009թ. օգոստոսի 26-ին: Հայցվորների պնդմամբ՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, մասնավորապես՝ նախադատական փուլում ստացված վկայական ցուցմունքները որպես ապացույց են կիրառվել իրենց դեմ, և այդպիսով խախտվել է արդար դատավարության իրենց իրավունքը:

Նշվում է, որ հայցվորները 2008թ. փետրվարին նախագահական ընտրություններում եղել են ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: Նրանց դեմ քրեական գործը հարուցվել է ընտրությունների հաջորդ օրը՝ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամների հետ ունեցած վեճի, ընտրական հանձնաժողովի աշխատանքը խաթարելու համար: Նրանք կալանավորվել էին:

Գործի քննման արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով խախտում տեղի չի ունեցել, ուստի՝ հայցը չի բավարարվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել