ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 6-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելեհերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պաշտպանը տեղեկացրել է, որ հաստատությունն արդյունավետ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, ինչպես նաև ծրագրեր է իրականացնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID):

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խթանման հարցերին: Արման Թաթոյանը նշել է, որ այս պահին ABA ROLI և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ իրականացնում են կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկում ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցերի միջոցով:

Պաշտպանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող և այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին ու մեթոդներին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելեհերը շեշտել է, որ իրենց համար կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականի հետ քննարկել է համագործակցության ծրագրեր: