Մազերն են մեղավոր |hetq.am|
07:42 - 30 հունիսի, 2019

Մազերն են մեղավոր |hetq.am|

hetq.am:  Հայաստանում անցկացրած մեկ տարվա ընթացքում Էվան բազմիցս սեռական ոտնձգությունների է ենթարկվել, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Նա որոշեց չլռել, ու դա շատերին զարմացրեց։

Մեզ մոտ նման բան հնարավոր չէ

«Մի ձեռքով նա պինդ սեղմել էր ձեռքս, իսկ մյուսով քարշ էր տալիս հեծանիվս: Արդեն հասկացել էի, որ դիմադրությունն անիմաստ է. նա ինձնից ավելի արագաշարժ է և ուժեղ: Մի քիչ թեթևացած զգացի, երբ հասկացա, որ գյուղում ենք, որովհետև այստեղ պետք է, որ մարդիկ լինեին, կկարողանայի օգնության կանչել:

Առաջին տան դուռը բաց էր: Ձեռքս ազատեցի ու վազեցի դեպի այդ տունը: Ինձ գցեցի տան ներսը, որտեղ ընտանիքը նստած ընթրում էր, և խնդրեցի, որ թույլ տան մի քանի րոպե մնամ իրենց մոտ: Բացատրեցի, որ դրսում մի տղամարդ կա, ով փորձում է ինձ բռնաբարել:

Բայց նրանք գոռացին. «Անհնար է, որ Հայաստանում նման բան լինի: Դո՛ւրս կորիր այստեղից»: Տանտիկինն ինձ դուրս հրեց ու դուռը փակեց երեսիս:

Ես նստեցի դռան կողքի մի աթոռի: Փորձում էի հանգստանալ ու չդողալ: Ամբողջ ընթացքում լսում էի հեծանվիս արգելակների ժանգոտ ձայնը. նա հավանաբար մոտակայքում էր:

Կինը նորից դուռը բացեց և ինձ հրահանգեց հեռանալ:

Վազեցի հարևան տան մոտ: Այստեղ երկու տղամարդ իրենց ավտոմեքենան էին նորոգում: Գոռացի, որ ինձ օգնություն է պետք, որ մեկը գողացել է հեծանիվս: Տղամարդկանցից մեկը մոտեցավ դարպասին ու կոպիտ տոնով առաջարկեց, որ ոստիկանություն դիմեմ: Ես խնդրեցի, որ ինքը զանգի, որովհետև մոտս հեռախոս չկար: Բայց նա զայրացավ ու ասաց, որ հեռանամ: Գիտակցեցի, որ նույնիսկ գյուղում, մարդկանց մեջ լինելն ինձ չի օգնելու: Ես արտասահմանցի էի, և նրանց ավելորդ խնդիրներ պետք չէին»:

Էվան նկարիչ է, Չեխիայից է: Նա շատ շփվող անձնավորություն է, ընկերներն ու հարազատները նրան բնութագրում են որպես հեշտ յոլա գնացող մարդ, ով ոգևորությամբ յուրացնում է նոր մշակույթներ ու ավանդույթներ: Նա ավտոստոպով անցել է աշխարհի կեսը, մյուս կեսն էլ ճանապարհորդել է հեծանվով: Նա շուրջ մեկ տարի Եվրոպական կամավորների ծրագրով կամավորություն էր անում Վանաձորում, մինչև վերը նկարագրված օրը:

Նրա աշխույժ, ծիծաղկոտ աչքերը մի տեսակ մարում են, երբ, գուցե արդեն հարյուրերորդ անգամ, վերհիշում է այդ օրը Գուգարք գյուղում իր հետ պատահածը: Պատմելիս երբեմն կանգ է առնում, թեթեևակի թափահարում է գլուխը, կարծես փորձում է մոռանալ այն պատկերները, որոնք չափազանց հստակ են պահպանվել հիշողության մեջ:

Գիտեմ, որ ուզում ես

 

Մարտի առաջին օրն էր: Էվան հեծանիվ էր քշում Վանաձորի մոտակայքում՝ վայելելով թարմ օդը. արդեն գարնան հոտ էր գալիս: Ավարտվող օրվա ստվերները մեղմորեն գետնին էին պառկում: Ձայներն աստիճանաբար մարում էին՝ տեղի տալով լռությանը: Հանգիստ ու խաղաղ էր: Բայց հանկարծ սարերն ավելի մոտիկ դարձան, իսկ տները՝ հեռու-հեռու և սակավ, մի քանի հարյուր մետրից էլ լրիվ վերացան: Էվան հասկացավ, որ կորել էր:

Հետդարձի ճանապարհը փնտրելով՝ որոշեց պտույտ անել բլրի շուրջը և ուրիշ կողմից քաղաք վերադառնալ: Մոտակա լքված տան կողքը ձիեր էին արածում, որոնք մի քիչ խրտնեցին Էվայի հեծանվից: Անցավ ձիերին ու հանկարծ տղամարդու ձայն լսեց: Նրան թվաց, թե տղամարդը կենդանիներին է կանչում, բայց ձայնը մոտենում էր, և նա հասկացավ, որ տղամարդն իրեն է ինչ-որ բան ասում: Փորձեց արհամարհել նրան ու արագացրեց հեծանվի ընթացքը: Բայց ճանապարհը շատ վատն էր, վնասված էր անձրևի ու բեռնատարների պատճառով, և հեծանվի անիվները փոսերն էին ընկնում:

Տղամարդը հասավ ու նրա թևից բռնեց: Նա, կարծես, արագ հասկացավ, որ Էվան կորել է և առաջարկեց ցույց տալ Վանաձոր տանող ճանապարհը: Էվան փորձեց բացատրել, որ ինքն արդեն գտել է ճանապարհն ու գնում է քաղաքի լույսերի ուղղությամբ: Բայց քանի որ հայերեն վատ գիտեր, դժվարանում էր մտքերն արտահայտել: Իրավիճակն ավելի էր բարդացնում այն, որ տղամարդը ո՛չ ռուսերեն գիտեր, ո՛չ անգլերեն:

Խոսքերի հետևից չընկնելով՝ նա բռնեց Էվային ու քաշեց հեծանվից այն կողմ: Էվան փորձեց վազել, սակայն նա հետևից բռնեց նրան ու ցավոտ սեղմեց կուրծքը: Հետո շպրտեց նրան գետնին ու փորձեց համբուրել դեմքը: Նրանից ձիու հոտ էր գալիս: Էվան գոռում էր, իսկ նա միայն քրքջաց. «Այստեղ մարդ չկա, քեզ ոչ ոք չի լսի»: Սուտ չէր ասում: Մոտակայքում միայն լքված շինություններ էին երևում և ինչ-որ մեկի այգին:

Տղամարդը երկու ձեռքով բռնեց նրա թևատակերից ու քարշ տվեց շինություններից մեկի ներսը: Էվան իր ոտքերը սեղմում էր գետնին, որպեսզի առաջ չգնա, բայց դա չէր օգնում, տղամարդը շարունակում էր ուժով առաջ տանել նրան: Մուտքի մոտ տղամարդը հոգնեց ու կանգնեց՝ հանգստանալու:

«Ես դիմադրում էր, աքացի տալիս նրան, գոռում, բայց նա ձեռքը բերանս մտցրեց, որ խեղդվեմ: Հետո նա կարողացավ քաշել-հանել անդրավարտիքս: Նա ձեռքը դրեց կոկորդիս ու սկսեց խեղդել ինձ: Մինչ այդ ինձ թվում էր, թե բավականին ուժեղ եմ ու կկարողանամ դուրս պրծնել: Սակայն երբ զգացի, որ շնչահեղձ եմ լինում, գիտակցեցի, որ նա ուղղակի կարող է սպանել ինձ, հենց այդպես, ու ոչ ոք օգնության չի գա»:

Տղամարդը սեղմեց նրան իր ամբողջ քաշով և հանեց իր անդրավարտիքը: Էվան հաջողեց ազատել մի ձեռքը, բռնեց նրա առնանդամը, սեղմեց ու պտտեց այն: Ցավից տղամարդը մի պահ բաց թողեց նրան, և նա ոտքի ցատկեց: Բայց հաջորդ վայրկյանին տղամարդը նորից բռնեց նրան, այս անգամ՝ գլխից, և գլուխն իջեցրեց իր առնանդամի մոտ:

«Նա իր անդամը դեմքիս ու բերանիս էր խփում, ու այս կարգի մի բան ասաց՝ գիտեմ, որ ուզում ես»:

«Դա նողկալի էր: Ես ինձ այլևս մարդ չէի զգում»:

Ոչ մի րոպե չանցավ առանց խփելու, աքացի տալու, բռնելու, քաշելու, ճղելու, կծելու: Նրանք գնալով ավելի էին հոգնում: Հանկարծ տղամարդը նրան գետնին շպրտեց ու ասաց, որ ձայնը կտրի: Ասաց, որ էլ չի դիպչի նրան, ու որ կգնան գյուղ: Էվան մտածեց, որ այդ պահին ավելի լավ է հնազանդվել, մինչև գյուղում, մարդկանց մեջ ավելի ապահով լինի:

Հետդարձի ճանապարհին տղամարդը վերցրեց հեծանիվը, որը թողել էր այդտեղ, բռնեց Էվայի թևից ու սկսեց հարցեր տալ, կարծես ոչինչ էլ չէր պատահել՝ անունն ինչ է, ինչով է զբաղվում Հայաստանում: Էլ ավելի անսպասելիորեն՝ նա որոշեց, որ անպայման պիտի միասին սելֆի նկար անեն: Դրա համար նա ստիպված էր թողնել հեծանիվն ու Էվայի թևը, որպեսզի միացնի հեռախոսի տեսախցիկը: Էվան կրկին փորձեց փախչել: Նա բռնեց նրան, այս անգամ՝ իր գրպանից մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ հանելով:

«Մտածեցի, որ նորից ուզում է ինձ գետնին գցել ու նույնիսկ սպանել ու մատնահետքեր չթողնել: Կարծես չէր հասկանում, որ արդեն բավականին շատ հետքեր է թողել: Բայց նա նորից բռնեց թևիցս ու քաշեց ինձ: Նա խաղ էր անում ինձ հետ, ինչպես կատուն մկան հետ»:

Ինչ-որ պահի Էվան կարողացավ փախչել բռնարարից և փորձեց օգնություն խնդրել գյուղացիներից, սակայն ապարդյուն: Երբ վազելով փախչում էր, նորից նրան պատահեց: Նա բարկացած էր, գոռաց ու նրան անվանեց «սուկա» (ռուս.՝ բոզ):

Մեկ անգամ ևս, նորից ակնթարթային, տղամարդը հանգստացավ ու խոստացավ այս անգամ իրոք բաց թողնել Էվային, սակայն... համբույրի դիմաց: Մինչ Էվան քարացած նրա երեսին էր նայում, նա հեռախոսով ինչ-որ մեկին զանգեց ու խնդրեց գալ այդտեղ, Էվան այդքանը կարողացավ հասկանալ: Նրանք արդեն մոտեցել էին մայրուղուն: Էվան մտածեց, որ քանի որ նա միայնակ չի հաջողեցրել բռնաբարել իրեն, հիմա էլ ընկերներին է կանչում, պետք է արագ փախչել: Նա փորձեց կանգնեցնել անցնող մեքենաները: Մի մեքենա կանգնեց, ու Էվան խնդրեց իրեն քաղաք հասցնել: Բայց հենց մոտեցավ բռնարարը, մեքենայի վարորդը բացականչեց. «Արմեն, բարև, ո՞նց ես»: Նրանք մի քիչ զրուցեցին, ու մեքենայի վարորդը քշեց-գնաց:

Էվան ցատկեց կանգ առած հաջորդ մեքենան ու կողպեց դուռը: Նույն պահին հայտնվեց Արմենի ընկերը՝ մեկ այլ մեքենայով: Նրանցից մեկը մոտեցավ մեքենային ու սկսեց համոզել Էվային դուրս գալ այնտեղից: Բռնարարը վարորդին բացատրեց կնոջ վարքի պատճառների իր տարբերակը, թե իբր կինը «սթրեսի մեջ է» և չի կառավարում իր գործողությունները: «Վարորդն ինձ խնդրեց դուրս գալ իր ավտոմեքենայից: Ես ասացի, որ նրանք ուզում են ինձ վնասել, բայց նա չլսեց»:

Էվան դուրս եկավ մեքենայից: Նրանցից մեկը վերադարձրեց նրա հեծանիվը: Նա ցատկեց հեծանվի վրա և անմիջապես հեռացավ՝ որոշ ժամանակ շարունակելով հետապնդվել տղամարդկանց կողմից: Վանաձորի մոտ նրանք գլուխները դուրս հանեցին մեքենայի պատուհանից ու սուլեցին: Հետո մեքենան շրջադարձ կատարեց: Նրանք անհետացան:

 

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել