tert.am: Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են սպառազինության գնման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Կան որոշակի հետաքրքիր գաղափարներ: Հենց գործարքն ավարտվի, տեղեկություններ կհաղորդենք լրատվամիջոցներին»,- ասել է նա:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ երկրներին ուղղված խոսքերին, որում Փաշինյանը կոչ էր արել զենք չվաճառել Ադրբեջանին:

«Ես միայն կարող եմ ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»,-ասել էր ՌԴ արտգործնախարարը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է պահպանելու տարածաշրջանում կայունությունը»: