«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել».Տիգրան Ավինյան
09:31 - 09 մարտի, 2019

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել».Տիգրան Ավինյան

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 24-ն է: Մրցույթի արդյունքների հրապարակումը տեղի կունենա ս․թ․ մարտի 29-ին:

Պահանջները հետազոտողների համար.
- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,
- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։
- Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,
- Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,
- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

Պահանջներն ուսանողների համար
- Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,
- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,
- Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,
- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել