Մանրամասներ՝ Եղեգնաձորի միջադեպից. «Գինովցած Սերգեյ Բագրատյանը փոխմարզպետին «գործ տվող» է անվանել». Քրիստինե Պողոսյան
14:21 - 29 ապրիլի, 2019

Մանրամասներ՝ Եղեգնաձորի միջադեպից. «Գինովցած Սերգեյ Բագրատյանը փոխմարզպետին «գործ տվող» է անվանել». Քրիստինե Պողոսյան

«Իմ աչքով եմ տեսել տեսանյութերը, որոնք հրապարակելու իրավունք չունեմ: Տեսել եմ պարոն Բագրատյանի պահվածքը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ պարոն Բագրատյանը եւ իր թիմի հետ եղած երիտասարդներն անհարգալից կերպով փոխմարզպետի առաջ շպրտել են ծխախոտի մնացորդը, ապա ագրեսիվ հարցրել՝ ի՞նչ կա, խնդիր կա՞, բան ես ուզո՞ւմ ասել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր Եղեգնաձորի միջադեպից այսպիսի մանրամասներ պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Նա շարունակեց. «Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հորդորել է վերցնել եւ չաղտոտել տարածքը: Նա, հասկանալով լարված վիճակը, ընթացք չի տվել դրան եւ զանգել է ոստիկանապետին եւ ոստիկանների ներկայությունը խնդրել, որովհետեւ, իր կարծիքով, վիճակը լարված է: Ոստիկանները տեսանյութերով ունեն այն, ինչ կատարվել է: Գործը գնացել է ՀՔԾ»:

Ըստ Քրիստինե Պողոսյանի՝ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի զայրույթը կապված է եղել նրա հետ, որ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը փորձել է իրենց մարզում օրինականություն հաստատել. «Երբ նա ասում է, որ այնտեղ չի եղել, ես կարող եմ ապացուցել, որ եղել է: Նա փոխմարզպետին անվանել է «գործ տվող», հայհոյանքներ հնչեցրել, ինչը հարիր չէ պատգամավորին: Հուսամ՝ ԱԺ-ում այս հարցի առթիվ էթիկայի հանձնաժողով կստեղծվի»:

Քրիստինե Պողոսյանը նաեւ նշեց, որ Սերգեյ Բագրատյանը գինովցած է եղել, իսկ ոստիկանությունում արյան նմուշ է համաձայնել հանձնել միայն Ռազմիկ Տոնոյանը. «Բագրատյանը հրաժարվել է, նրա հետ գտնված տղամարդիկ՝ եւս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել