Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։

Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել տնային պայմաններում անասունների մորթն արգելելու և բացառապես սպանդանոցում թույլատրելու հարցի ու այդ կապակցությամբ քաղաքացիների բողոքների առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում նախատեսված պետական քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։