Մարզպետների հետ հանդիպեցինք, որովհետեւ պատգամավորների եւ մարզպետների հարաբերությունների հետ կապված խնդիրներ կային |armtimes.com|
15:28 - 27 հունիսի, 2019

Մարզպետների հետ հանդիպեցինք, որովհետեւ պատգամավորների եւ մարզպետների հարաբերությունների հետ կապված խնդիրներ կային |armtimes.com|

armtimes.com: Մենք հանդիպում ենք մարզպետներին տարբեր ձեւաչափերով, այս անգամ որոշել էինք ընդհանուր հանդիպել, որովհետեւ ԱԺ պատգամավորների եւ մարզպետների հարաբերությունների հետ կապված խնդիրներ կային: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

«Այդ խնդիրները պարզաբանեցինք, որպեսզի հարաբերություններն ավելի հարթ ընթանան, մշտապես կարողանանք կապի մեջ լինել: Լսեցինք իրար եւ որոշել ենք, որ մշտապես պետք է իրար հետ հաղորդակցվենք, որ կարողանանք ավելի արդյունավետ աշխատել»,-ընդգծեց պատգամավորը:

Հարցին, թե որ մարզպետի աշխատանքից են պատգամավորները դժգոհ, Կարապետյանն ասաց, որ դժգոհության մասին ընդհանրապես խոսք չի եղել․

«Մեր խնդիրը դժգոհությունը չէր, հաշվետվություն ստանալը չէր: Մենք այսօր կայացրինք երկխոսության մեր մեխանիզմի մասին որոշում, թե ինչպես ենք հարաբերվելու մարզպետների հետ: Մինչեւ հիմա հնարավոր է՝ կապի խափանումներ լինեին պատգամավորների եւ մարզպետների միջեւ: Հիմա որոշեցինք, որ հատկապես ներդրումների մասով, քանի որ մարզպետները իրենց մոտ ավելի շատ են աշխատում ներդրողների հետ, որոշեցինք կապը պահել: Նաեւ կմշակենք մարզպետների եւ ԱԺ-ի հարաբերության առանձին մեխանիզմ: Գիտենք, որ Տարածքային կառավարման մասին օրենքն է քննարկվում, օրենքի որոշ դրույթներ նույնպես մարզպետների հետ քննարկեցինք եւ այսպես կշարունակենք»:

Ինչ վերաբերում է մարզպետների հնարավոր հրաժարականների վերաբերյալ քննարկումներին՝ Կարապետյանը բացառեց նման սցենարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել