Մարտին Գալստյանը բանկային գաղտնիքի մասին օրինագծում տեսնում է հստակ իրավակարգավորումներ |armenpress.am|
15:11 - 16 ապրիլի, 2020

Մարտին Գալստյանը բանկային գաղտնիքի մասին օրինագծում տեսնում է հստակ իրավակարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի կարծիքով՝ Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախագահը չէր ստորագրել և ուղարկել էր ՍԴ, ըստ էության ունի հստակ իրավակարգավորումներ:

Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Մարուքյանի կարծիքով՝ իշխանությունը մարդու անձնական տիրույթի հետ կապված հարգանք չի դրսևորում, նա, մասնավորապես, նշեց բանկային գաղտնիքի մասին, հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել արժեթղթերի շուկայի վերաբերյալ փաթեթին, որով առաջարկվում էր բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան որոշ մարմինների հասանելի դարձնել:

«ԿԲ-ն որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, ինչպե՞ս է պահելու բանկային գաղտնիքը, ինչպե՞ս է ներդրողներին…համոզելու, որ Հայաստանում ներդրում անելն անվտանգ է, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Անդրադառնալով բանկային գաղտնիքի  հետ կապված օրենսդրական նախաձեռնություններին՝ Գալստյանը նշեց. «Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, նաև խորհրդակցել եմ մեր իրավաբանների հետ, որ այն օրենքը, որն նախագահի կողմից ուղարկվել է ՍԴ, ունի հստակ իրավակարգավորումներ: Նախ՝ հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է բանկային գաղտնիք ստանալու համար ինչ-որ գործողություն սկսել»,-ասաց նա:

Անդրադառնալով բանկային գաղտնիքի հնարավոր թուլացմանը՝ նա նշեց, որ նախկին ֆիլտրը հանվել է, սակայն սահմանվել է, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնեն դատարան, ունենան դատարանի վճիռ, հետո միայն կարողանան ինչ-որ գործերի շրջանակում գնալ ինչ-որ բանկային գաղտնիքի հետևից: Նա նկատեց՝ պետք է ապացուցվի, որ դա վերջին գործողությունն է, ուրիշ ոչ մի կերպով հնարավոր չէր այդ գործողությունն առաջ տանել: Գալստյանի պատկերացմամբ՝ իրավակարգավորումն այդպես է: Թեկնածուն հորդորեց նաև անընդհատ չհիշատակել, չխոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո կան ֆիլտրեր ու կոնկրետ շրջանակ, որն այս պահի դրությամբ իր մեջ ներառում է այդ իրավակարգավորումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել