Մարտի 1-ի գործով վճիռ կայացրածներին ամենևին կարիք չկա ենթարկել ստուգումների, անցկացնել վեթինգ, պետք է անել արագացված․ Արամ Մանուկյան
12:47 - 24 մայիսի, 2019

Մարտի 1-ի գործով վճիռ կայացրածներին ամենևին կարիք չկա ենթարկել ստուգումների, անցկացնել վեթինգ, պետք է անել արագացված․ Արամ Մանուկյան

Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով։ Սա գործնական կոնկրետ քայլ է, որի շուրջ մենք խոսում ենք այստեղ։ Իսկապես շնորհավորելու խնդիր է։ Տարոսը Սահմանադրականին, տարոսը մնացածներին, ովքեր ակնհայտ այս գործընթացներում թիրախ են։

Այսպես սկսեց իր ելույթը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Խնդիրը քաղաքական է։ Առաջին հերթին քաղաքական է, հետո իրավաբանական։ Իրավաբանականը այստեղ քիչ մաս ունի։ Խնդիրը քաղաքական է, քանի որ այն միտված է իշխանափոխությունը վերջնական փուլի հասցնելու։ Եկեք իրար չխաբենք, իշխանափոխությունը դեռևս վերջնական փուլին հասցված չէ և երրորդ իշխանությունը սաբոտաժ է անում։ Ակնհայտ է դա։

Մենք ունենք չորս գործ,որոնք ՄԻԵԴ-ից հետո դիմել ենք Վերաքննքիչ դատարան և չորսն էլ վարույթ չի ընդունվել, մերժվել է, ակնհայտ է, որ սաբոտաժ է։ Լկտի սաբոտաժ։ Անգամ կան լկտիներ, ովքեր հայտարարում են, թե մարդկանց վախը չափելու համար սեփական մեզը պետք է խմել։ Սա աներևակայելի բան է, սա հանցագործություն է դառնում, եթե սրա դեմը չես առնում»,- նշեց Արամ Մանուկյանը։

Ըստ նրա՝ խնդիրը հումանիստական է, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ «Բոլոր նրանք ովքեր այստեղ փորձում են վենդետա գտնել, սխալ է, խնդիրը բոլորովին այդտեղ չէ։ Քոչարյանի դատը ապացուցեց սա, որ այս համակարգը սաբոտաժ է անում։ Քաղաքական կամք կա, բայց էդ քաղաքական կամքը շատ քիչ է պրոցեսը վերջնականացնելու համար։

Ես առաջարկում եմ երկու մասի բաժանել խնդիրը․ առաջինը արագընթաց քայլեր, որոնք պետք է շատ արագ անել, և երկորդը, որոնք երկար ժամանակ է պահանջում և որոնք դուք այստեղ ասում եք»,- ասաց նա՝ ավելացնելով․ «Բայց իմ ասածը շատ հրատապ, վիրահատական մի քանի քայլեր անելն են, որոնք պարդատիր են, եթե դուք ուզում եք այդ համակարգը աշխատի։ Այս ամենի նպատակը համակարգի աշխատացնելն է, որևէ մեկին պատժելը նպատակ չի կարող լինել»։

Մանուկյանը նշեց, որ իրենք մեկ տարի առաջ հրապարակել են գիրք այս թեմայով․ «Եվ ձեր ասած վեթթինգը, անցումայինը այստեղ գրել ենք, գործի մեծ մասը արել ենք։ Այստեղ դուք կգտնենք բոլոր այն մարդկանց մասին տվյալները, որոնց ուզում եք ներկայացնել վեթթինգի։ 42 դատավորի անուն կա այստեղ, 27 դատախազի։ Դատավորները երեք ատյանից էլ ներկայացված են։

Որոնց նկատմամբ հարկավոր է ոչ թե վեթթինգ իրականացնել, այլ դիմում եմ Սասուն Խաչատրյանին, ես իրեն այս գիրքը ուղարկել եմ, անմիջապես այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Դրանք այն մարդիկ են, ովքեր մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց վեց-յոթ տարի են տվել, դրանք այն դատախազներն են, ովքեր այդ իմանալով մեղադրանք չկա, կեղծիք չկա, ստիպել են դատավորին և դատավորը վճիռ է կայացրել»,- նշեց նա։

Արամ Մանուկյանն ասաց, որ 100-ի չափ մարդ վճիռ է ստացել էդ դատավորների վճիռով, «Մարտի 1-ի մասին է խոսքը։ Եվ ամենևին կարիք չկա այդ մարդկանց ենթարկել այդ ստուգումներին, անցկացնել վեթինգ, խնդիրը հենց սրա մեջ է, պետք է անել արագացված։ Էդ մաքրումները պետք է անել արդարադատության նախարարությունում, դատախազությունում, Սահմանադրական դատարանում, որից հետո ընթացիկ ձևով անցկացնել ձեր վեթթինգը և անցումային արդարադատությունը»,- եզրափակեց ելույթը ՀԱԿ փոխնախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել