Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին |armtimes.com|
05:39 - 14 նոյեմբերի, 2019

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին |armtimes.com|

armtimes.com։ Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, որտեղ մի շարք թերություններ էր նկատել եւ դրանք բարձրաձայնել՝ դիմելով անձամբ իրեն ուղեկցող համայնքապետ Դավիթ Հարությունյանին:

Մասնավորապես փողոցներից մեկում շրջայց կատարելիս վարչապետը նկատել էր, որ վերանորոգման աշխատանքները, որոնք դեռեւս կատարվում էին՝ «գլխառադ» են արված: Բակերից մեկի բարեկարգումը եւս վարչապետին չէր գոհացրել: Վարչապետը դժգոհել էր նաեւ Եղեգնաձորի լուսավորությունից՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար գրեթե ոչ մի բան արված չէ: Դրա վերաբերյալ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քաղաքապետն ասում է՝ դժվար մասն արել ենք: Հումորով քաղաքապետ։ Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով՝ ինչ նկատի ուներ»:

Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, որ փողոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում է մրցութային կարգով՝ մասնավոր ընկերության միջոցով:

«Մասնավորն ինձ ասում է՝ ես ժամանակ ունեմ եւ իմ գործը ժամանակին կավարտեմ, եթե ժամանակին չավարտեմ, նոր ինձ հետ խնդիր ունեցեք»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ մինչեւ նոյեմբերի 30-ը շինարարական կազմակերպությունը ժամանակ ունի. «Եթե աշխատանքը նորմալ չլինի, մենք գումարը չենք վճարի: Մենք մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չենք վճարել»:

Նա ասաց, որ շինարարական աշխատանքներն արդեն մեկուկես ամիս արվում են, սակայն դժվարացավ ասել, թե աշխատանքի քանի տոկոսն է կատարվել. «5 փողոցի վերանորոգում են անում՝ 2 փողոցի ասֆալտապատում, բակերի բարեկարգում»: Անդրադառնալով բարեկարգված բակի վերաբերյալ վարչապետի դժգոհությանը, Եղեգնաձորի համայնքապետն ասաց. «Ինչ դժգոհություն եղել է, այդ թերությունները պետք է վերացվեն»:

Հարցին՝ այս պահին աշխատո՞ւմ են այդ թերությունները վերացնելու ուղղությամբ, Հարությունյանն առաջարկեց այցելել համայնք եւ տեղում համոզվել. «Աշխատում ենք, բա ի՞նչ պետք է անենք»:

Հարցին՝ մինչ վարչապետի այցը այդ խնդիրներն ինքը չէ՞ր նկատել, Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրներ կան՝ գուցե չնկատենք, խնդիրներ կան՝ գուցե հուշեն, բոլոր համայնքներում էլ խնդիրներ կան: Փորձում ենք բոլոր խնդիրներին էլ լուծում տալ: Յուրաքանչյուր այցից կարող է ինչ-որ նոր բան փոխվել»:

Եղեգնաձորի Նորավանք թաղամասի բնակիչները վարչապետին ասել էին, որ 26 տարի է թաղամասը շահագործման է հանձնվել, սակայն կոյուղի չկա, ինչին ի պատասխան վարչապետը խոստացել էր խնդիրը կարգավորել: Սրա վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետը մեր զրույցում ասաց, որ այդ խնդրի լուծման համար 290 մլն դրամ է հարկավոր ըստ հաշվարկների, որը գերազանցում է համայնքի տարվա բյուջեն, իսկ համայնքի բյուջեն կազմում է 277 մլն դրամ:

Հարությունյանն ասաց, որ սուբվենցիոն ծրագրերով՝ Կառավարության հետ համաֆինանսավորմամբ աշխատանքներ են իրականացնում: 

Ամբողջական նյութը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել