Մենք չենք սպասելու «Սանիթեք»-ին, որ իրենք բերեն աղբամաններ. մենք եւս բերելու ենք. Մարության |news.am|
13:27 - 20 մայիսի, 2019

Մենք չենք սպասելու «Սանիթեք»-ին, որ իրենք բերեն աղբամաններ. մենք եւս բերելու ենք. Մարության |news.am|

news.am։ Երեւանի քաղաքապետ Մարությանը այսօր՝ մայիսի 20-ին, աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ քրոնիկ վայրերում եւ շինաղբ տեղափոխող մեքենաներին ուղղորդել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներ չվերածվեն շինարարական աղբակույտերի:

«Պարզ է, եթե չեն տանում Նուբարաշեն, ուրեմն ինչ-որ տեղ թափում են: Հիմա շինարարության սեզոնը սկսվել է, մեծ քանակությամբ աշխատանքներ են կատարվում, եւ տարբեր վայրերում առաջանում են նոր շինաղբի կետեր:

Կան շինարարական աղբով լցված տարածքներ, որոնք շուրջ 20 տարվա պատմություն ունեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ ամեն ինչը մաքրելու համար, բայց միեւնույն ժամանակ պետք է թույլ չտանք, որ նորից կուտակումներ լինեն, եւ պետք է շատ կոշտ լինենք այս հարցում: Մենք չենք ասում ինչ-որ գումար վճարեք, պարզապես ասում ենք՝ շինարարական աղբը տեղափոխեք Նուբարաշենի աղբավայր»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետեւողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում աղբահանության ներկայիս ոչ բարվոք վիճակը նաեւ աղբամանների քանակի հետ է կապված: Քաղաքապետը նաեւ հանձնարարել է մշտական աշխատանքներ տանել աղբամանների լվացման ուղղությամբ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք չենք սպասելու «Սանիթեք» ընկերությանը, որ իրենք բերեն աղբամաններ: Մենք եւս բերելու ենք աղբամաններ, մենք ապահովելու ենք ծառայությունների մատուցման բարձր որակ: Չնայած նրան, որ սա ձեր պարտականությունն է»,-նշել է Հայկ Մարությանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել