lragir.am: - Տիկին Մակունց, 46 հասարակական կազմակերպություններ դիմել են իշխանություններին և կոչ է անում մինչև սահմանադրական հանրաքվեն հստակեցնել դատական բարեփոխումների հետ կապված քայլերը և արագացնել այդ գործընթացը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

- Ես ծանոթ եմ հայտարարությանը, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը և ՔՊ վարչությունը դեռ չեն հասցրել այն քննարկել։ Իհարկե, մշտապես կապը պահելը քաղաքացիական հասարակության հետ շատ կարևոր է, և նաև նրանց դիտարկումները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Այլ հարց է, որ քաղաքական գնահատականի հետ կապված հարց են բարձրացնում այդ կազմակերպությունները։ Իմ դիտարկմամբ, եթե քաղաքական որոշակի էջ փակելու միտումով պետք է քաղաքական գնահատական հնչեցվի, ապա, կարծում եմ, որ դա պետք է քննարկել հանրաքվեից հետո։

- Ըստ էության, այդ կազմակերպությունները քննադատում են իշխանություններին, որ չեն տվել նախկին ռեժիմի քաղաքական գնահատականը։ Դուք մտածում եք, որ հանրաքվեով ՍԴ-ի խնդիրը լուծեք, նո՞ր միայն քննարկեք քաղաքական գնահատական տալու հարցը։

- Ես ՀԿ-ների հայտարարությունը դիտարկել եմ որպես առաջարկ, կարող ենք այն մեկնաբանել որպես քննադատություն։ Իմ անձնական կարծիքով, եթե մենք նկատի ունենք, որ անցյալի քաղաքական էջը պետք է փակվի գնահատական հնչեցնելով, ապա կարծում եմ՝ դա կարող ենք քննարկել միայն հանրաքվեից հետո, ոչ այս փուլում։

- Հանրաքվեի հետ կապված ԼՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշել են հանձնաժողովներում ունենալ ներկայացուցիչներ, թեև նրանք բոյկոտի կամ չմասնակցության վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

- Կարծում եմ՝ այդ քայլը հակասում է իրենց քաղաքական դիրքորոշմանը, որոնք ի սկզբանե հնչեցրել են, որովհետև եթե իրենք հայտարարում են, որ չեն մասնակցում քաղաքական գործընթացին, եթե կոչ են անում բոյկոտել և չմասնակցել հանրաքվեին, ապա անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչու են աջակցում «ոչ» քարոզողներին՝ համապատասխան հանձնաժողովի անդամներ ներկայացնելով։ Սա նշանակում է, որ իրենք, այնուամենայնիվ, աջակցում են «ոչ»-ին։

- Սահմանադրական հանրաքվեի այս գործընթացը որքանո՞վ է խանգարելու խորհրդարանի աշխատանքին՝ հաշվի առնելով, որ արդեն այսօր շատ պատգամավորներ տարբեր շտաբներում փորձում են համակարգել աշխատանքները։

Ընտրությունները որևէ պարագայում չեն կարող խոչընդոտել ինստիտուտների աշխատանքներին։ Մենք գնում ենք առաջ, ավելին, առաջիկա քառօրյայում ընդգրկված են լինելու բավականին կարևոր նախագծեր, այդ թվում դատական ոլորտին առնչվող նախագծեր, որը կվերաբերի նաև բարեվարքության կանոններին։ Այնպես որ, որևէ բան կաթվածահար չի լինում, իսկ պատգամավորի աշխատանքի ժամերը նորմավորված չեն, նրանք  այսպես թե այնպես գործունեություն ծավալում էին ոչ միայն ԱԺ պատերից ներս, այլև համայնքներում։ Այս առումով որևէ խնդիր չի առաջանում և ինստիտուտների բնականոն աշխատանքը չի խաթարվում։ Պարզապես մենք ավելի շատ աշխատանք ունենք անելու այս փուլում, քան սովորաբար պիտի անեինք։

- Ձեր գնահատմամբ, ՀՀԿ-ն որքանով է մասնակցում «ոչ»-ի քարոզարշավին, թեև հայտարարել են, որ չեն մասնակցում։

- Ես տեղ-տեղ թաքնված, տեղ-տեղ անթաքույց «ոչ»-ի  քարոզ եմ տեսնում իրենց կողմից։ Ամեն դեպքում, ընթացքը ցույց կտա, քարոզարշավը նոր է մեկնարկել։ Համենայնդեպս, մենք որևէ կերպ չենք տարանջատում բոյկոտ քարոզողներին, չմասնակցել քարոզողներին «ոչ» քարոզողներից։ Ես կարծում եմ, որ քաղաքական կուսակցությունները չեն կարող անմասն մնալ քաղաքական գործընթացներից, որովհետև նրանց չմասնակցությունը ևս հետևանք է ունենալու հենց իրենց քաղաքական օրակարգի առումով։

Շարունակությունը՝ lragir.am-ում։