«Մեր ժամանակի հերոսն» այն մարդն է, որը քննադատաբար վերլուծում է, այլ ոչ գովաբանում այն ամենը, ինչ անում է կառավարությունը. Վահրամ Սողոմոնյան
12:14 - 06 ապրիլի, 2019

«Մեր ժամանակի հերոսն» այն մարդն է, որը քննադատաբար վերլուծում է, այլ ոչ գովաբանում այն ամենը, ինչ անում է կառավարությունը. Վահրամ Սողոմոնյան

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նվազեցնել` դարձնելով 20%:

Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան՝ 23% (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28% (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Այսպիսով, նախատեսվող փոփոխությունները մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին չեն վերաբերելու. նրանք շարունակելու են հարկվել 23%-ով:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Ոչ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի հետ:

-Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ համահարթ դրույքաչափ սահմանելու նպատակը նաև այն է, որ Հայաստանը չլինի «սևագործ բանվորների» հասարակություն: Իսկ երկու միլիոն աշխատավարձ ստացողներին նա «մեր ժամանակների հերոսներ» է համարում։ Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի այս հայտարարությանը։

- Հավանաբար, ֆինանսական բլոկի պատասխանատուները այդպիսի պատկերացում ունեն, և իրենց խոսակցությունների հետևանքն է, որ վարչապետը նման կերպ է փորձում հիմնավորել նախագիծը: Սակայն սա ոչ ռացիոնալ հիմնավորում է:

Նախ, «սևագործ բանվոր» ասելով, ըստ երևույթին, նկատի ունի աշխատասեր մարդկանց: Մի՞թե դա վատ բան է։ Բայց խնդիրն այն չէ միայն, որ մարդիկ արժանապատիվ կամ անարժանապատիվ աշխատանք են կատարում, ընդ որում՝ հաճախ ոչ համապատասխան վարձատվության դիմաց, այլ որ այդ «սևագործ բանվորների» մեջ կան բուժքույրեր, ուսուցիչներ, բարձրագույն կրթություն ստացած շատ այլ մարդիկ, որոնք էլի 80-100 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

Եկամտի համահարթեցման հետևանքով ցածր աշխատավարձ ստացող մարդիկ ավելի քիչ փող են ունենալու իրենց գրպանում: Այն գումարը, որից նրանք հատկացնելու էին իրենց երեխաների կրթությանը, առողջությանը, պակասելու է և դրան զուգահեռ պակասելու է բյուջեում նույն նպատակով նախատեսված գումարը: Ամենալուրջ խնդիրը անհավասարության գիտակցությունն է, որը կար նախկին իշխանությունների օրոք: Եվ, եթե հիմա մենք իրավական պետություն ենք դառնում, դեռ չի նշանակում, որ վերանում է այդ անհավասարության գիտակցությունը: Եթե վերանում է կոռուպցիան, չի նշանակում, որ վերանում է անհավասարությունը:

Ցանկացած կառավարության հիմքը նյութական ռեսուրսների բաշխման հարցն է: Նեոլիբերալ տնտեսագետների մեծ մասը տնտեսությունը տարանջատում է քաղաքականությունից: Հիմնականում այդ դպրոցի ներկայացուցիչներն են տասնամյակներով որոշել մեր քաղաքականությունը: Իսկ մենք՝ հեղափոխության ջատագովներս, գտնում ենք, որ քաղաքական հեղափոխություն է տեղի ունեցել, և հետևաբար, տնտեսական համակարգը նույնպես պետք է հեղափոխական տրամաբանության մեջ լինի:

-Այդ դեպքում ո՞վ պետք է լինի «մեր ժամանակների հերոսը»։

-Ես չէի ուզի, որ մենք հերոսացնեինք ինչ-որ կերպարների՝ մի կողմ թողնելով, օրինակ, այն 40% աղքատությունը, որ կա մեր երկրում: Իհարկե, լավ է քաջալերել, որ մարդիկ փոխեն իրենց կյանքը, բայց ուզում եմ հիշեցնել՝ հեղափոխությունը տեղի ունեցավ միջին խավի և աղքատացած բնակչության շերտերի միջև դաշինքի ու համերաշխության արդյունքում: Եվ ցանկացած քայլ, որը կարող է քանդել այս դաշինքը, կվտանգի այսօրվա հեղափոխական գործընթացը: Այս առումով՝ «մեր ժամանակի հերոսը» այն մարդն է, որը քննադատաբար վերլուծում է ամեն ինչ, այլ ոչ գովաբանում այն ամենը, ինչ անում է կառավարությունը:

- Ի՞նչ խնդրահարույց երևույթներ եք նկատել այս գործընթացի հետ կապված:

-Նախ, հիմք է ընդունված հին հարկային օրենսգիրքը և փորձ է արվում փոքր փոփոխություններով ինչ-որ հարց լուծել: Մեզ նաև հրամցվում են թվեր և հաշվարկներ, որոնք մեկ տարվա վաղեմություն ունեն: Այստեղ նորից գալիս ենք այն խնդրին, որ ֆիննախում ու ՊԵԿ-ում պատրաստ չեն լուրջ փոփոխությունների: Օրինակ՝ փորձագետներից մեկը ԱԱՀ-ի հետ կապված առաջարկ էր արել, որ նախկինում կիրառված պրակտիկան՝ խոշոր ընկերություններին ազատելու, պետք է վերանայվի, որովհետև դա խեղաթյուրում է մրցակցային դաշտը: Ֆինանսների նախարարությունը պատասխանել է, որ դա չափազանց արմատական առաջարկ է: Այսինքն՝ տեսնում ենք, որ հեղափոխությունը չի հասել այդ մարմիններ:

Կամ ՊԵԿ-ն ասում է՝ մենք ի վիճակի չենք համահարթի արդյունքում առաջացող բացը լրացնել մեր վարչարարության բարելավմամբ, ուրեմն՝ բարձրացրեք սպառման հարկերը: Բայց մեր խնդիրը ՊԵԿ-ի աշխատանքը հեշտացնելը չէ, այլ արդյունավետ ու արդար հարկային համակարգ ունենալը: Մի խնդիր էլ կա. խաճախ լսում ենք՝ ինչպես են որոշ պատգամավորներ ասում, որ իրենք մասնագետ չեն, պետք է լսել, թե մասնագետներն ինչ են ասում: Բայց մենք ԱԺ-ում, կարծում էի, որ քաղաքական գործիչների ենք ընտրել և ոչ նեղ մասնագետների: Այսպիսով՝ յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է քաղաքական հարցերում քաղաքական դիրքորոշում ունենալ:

-Աշխարհի պետությունների ճնշող մեծամասնությունը պրոգրեսիվ հարկման մոդելն ունի։ Որոշ երկրներ, ինչպես Մակեդոնիան, Սլովակիան, ընտրելով համահարթ հարկման համակարգը, այնուհանդերձ, նորից վերադարձել են պրոգրեսիվի։ Ի՞նչ խնդիրներ էին ցանկացել լուծել այդ երկրներում համահարթի անցնելով, և ինչու՞ են ի վերջո վերադարձել պրոգրեսիվի։

- Բալկանյան երկրներն ու Արևելյան Եվրոպայի երկրներն են անցել համահարթի, հետո վերադարձել պրոգրեսիվի: Հիմնավորումները բոլոր երկրներում նույնն են եղել՝ ներդրումներ գրավել, հարկերն իջեցնելը լավ է... Բալկանյան երկրներում մրցակցություն էր, թե ով ավելի քիչ համահարթ կդնի, հետո տեսան, որ դա ոչ մի խնդիր չի լուծում, այլ զուտ լոբբիստական կոնկրետ շրջանակների և միայն բիզնեսի շահերից է բխում:

Սլովակիան ու Մակեդոնիան համահարթի են անցել տարբեր փուլերում՝ 2003-ին և 2007-ին: Բայց նույն խնդիրներն են ունեցել՝ եկամտային մասի էական անկում, անհավասարության շեշտակի աճ: Հստակ տեսան, որ այն բացասաբար է ազդում տնտեսության զարգացման վրա:

-Ի՞նչ այլընտրանքային լուծում եք տեսնում Դուք։ Ունե՞ք այլ առաջարկներ՝ արդեն իսկ առաջարկված տարբերակների կոնտեքստից դուրս։

-Գլխավոր հարցն այն է, որ պետք է մանրամասն, հանգիստ վերլուծել հետհեղափոխական միտումները: Մենք ունեցել ենք 38 հազար նոր գրանցված աշխատատեղեր, ունեցել ենք շատ տարբեր ստվերային, կոռուպցիոն պրակտիկաների վերացում, փոքր ու միջին նոր տիպի ներդրողներ, և սա պետք է առանց շտապողականության վերլուծել, քանի որ առանց փաստերի և միտումների վերլուծության չենք կարող որդեգրել հարկային քաղաքականություն, որն երկար ժամանակ անփոփոխ մնա:

Իսկ համահարթը հակահեղափոխական ծրագիր է: Այն չի լուծում մինչև այժմ մեր առջև ծառացած սոցիալական անարդարության և տնտեսական զարգացման հարցերը, բայց ստեղծում է նոր խնդիրներ: Որպես ժամանակավոր լուծում՝ կարելի է թեթև փոփոխության ենթարկել եկամտահարկի շեմերը, բայց որպես հիմնական լուծում պետք է անցնենք եկամուտների լիարժեք հայտարարագրման: Բոլորը՝ անկախ ֆինանսական վիճակից, պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, և ունենանք նվազագույն չհարկվող շեմ, բարձրացող շեմեր և որոշակի նվազեցումների հնարավորություն ցածր եկամուտներ ունեցողների համար, որը կկապի նրանց պետության հետ, վստահություն կառաջացնի և ամսեամիս տարբեր աղբյուրներից կուտակվող եկամուտը կենտրոնացված կհաշվառվի ՊԵԿ-ում:

Պետք է դուրս գանք ավանդական ու խնդրահարույց կարծրատիպերից, թե ներդրողներին գրավելու լավագույն միջոցը հարկերն իջեցնելն է: Իրականում, ներդրողները, երբ գալիս են Հայաստան, ասում են՝ ու՞ր են ձեր որակյալ մասնագետները: Սա նշանակում է՝ պետք է ամեն ինչ այնպես կազմակերպել, որ մենք բավարար չափով պետական ներդրումներ անենք կրթության, առողջապահության, տնտեսական միջավայրը բարելավող այլ ոլորտներում, որովհետև դրսի ներդրողների համար կարևոր է, թե պետությունն ինքն ինչ ներդրում է անում և որտեղ:

Հեղափոխությունը եղել է մասնակցայնության և ներառականության սկզբունքով, եղել է ժողովրդական հեղափոխություն, և ժողովուրդը չի կարող թույլ տալ, որ դրանից հետո լոբբիստական ինչ-որ փոքր խումբ իր օրակարգը վերահաստատի: Իսկ Նիկոլ Փաշինյանը, որպես խարիզմատիկ քաղաքական գործիչ, կարող է գնալ այնպիսի քայլի, ինչպիսին եկամուտների համատարած հայտարարագրումն է: Բայց դրա համար պետք է խոսել մարդկանց հետ, պետք է այլ լեզվով խոսել, իսկ տրամաբանությունը, որով այս համահարթն առաջարկվում է, այն է, որ հարկատուն ուզում է անպայման պետությանը խաբել:

Լիակատար անվստահություն կա երկուսի միջև, մինչդեռ ստեղծված քաղաքական իրավիճակը հուշում է, որ, ընդհակառակը, մենք բեկումնային պահ ունենք, պիտի ասենք՝ լավ, ինչ եղել, եղել է, հիմա ազնիվ, արդար ենք գործում: Չպետք է թույլ տալ, որ սիրո և համերաշխության տրամաբանությունը վերածվի ինդիվիդուալիստական, սառնության և էգոիստական հասարակության:

-Այսօրվա Կառավարությունը գնու՞մ է իրական երկխոսության։

- Այս հարցի դեպքում՝ ոչ: Մենք սեպտեմբերից ի վեր տարբեր հեղինակավոր մարդկանց հետ հարցազրույցներով, հետազոտություններով, համաժողովներով փաստեր և փաստարկներ ենք ներկայացնում, բայց մեդիան բլոկ է անում, չի ներկայացվում այս թեման, քանի որ մտածում են հին ձևով՝ կառավարությունը կողմ է, ուրեմն՝ չպետք է ներկայացնել, իսկ դեղին մեդիան զբաղված է մեդիամանիպուլյացիաներով:

Կարելի է ասել, որ այս հարցի շուրջ բաց դեբատ տեղի չի ունենում: Երբ մենք ինչ-որ Օրբելի կենտրոն ենք բացում և չենք հրավիրում այլ կարծիք ունեցողներին, բայց հրավիրում ենք հին համակարգի ներկայացուցիչներին, ես այդ դեպքում հարց եմ տալիս՝ ու՞ր է գաղափարների հեղափոխությունը: Շատերը մտածում են, թե կան ինչ-որ մասնագետ-տեխնոկրատներ, որոնք ամեն ինչից հասկանում են, իսկ մյուսները ոչինչ չեն հասկանում տնտեսությունից: Եվ երբ սոցիալական արդարության օրակարգերից ես խոսում, այդ մարդիկ ասում են՝ դրանք ձախ են, սոցիալիստ են, պետք չէ դրանց լսել: Այնինչ աշխարհում տնտեսական աճի ավանդական դիսկուրսը վաղուց հնացել է։

Եվ ծիծաղել կլինի, եթե քաղաքական պրոգրեսիվ հեղափոխությանը հետևի տնտեսական ռեգրեսիվ հակահեղափոխությունը։ Պրոգրեսիվն ու ռեգրեսիվն, ի դեպ, վերաբերում է նաև հարկային համակարգի բնութագրին։ 

Հեղափոխական գաղափարական բարիկադների վրա հենց ձախական ավանգարդն է կանգնած մինչև հիմա: Դա այն մարդիկ են, որոնք անընդհատ փոփոխության հնարավորություն են փնտրում՝ ի տարբերություն այն մարդկանց, որոնք միշտ համակարգի հետ հարմարվող են:

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել