«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կորոնավիրուսով վարակման դեպքեր են եղել, սակայն աշխատակիցներին կարգադրում են ամեն օր գնալ աշխատանքի։ Այս մասին Infocom.am-ին ահազանգեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը, սակայն, չցանկացավ հրապարակել իր անունը՝ պարզաբանելով, որ եթե «Գազպրոմի» որեւէ աշխատակից «հարց է բարձրացնում», անպայման մի պատրվակով աշխատանքից ազատվում է։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունից ի վեր՝ միայն մեկ շաբաթ են կարանտինային ռեժիմում եղել՝ ապրիլի սկզբին, իսկ ողջ մարտը եւ ապրիլի մյուս կեսն ամեն օր աշխատանքի են գնացել․

«Մեզ կարգադրում են, որ ամեն օր գնանք աշխատանքի։ Ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մեկն, օրինակ, Մասիվից է գալիս, մեկը՝ Կենտրոնից, մեկը՝ չգիտես որտեղից, ու, բնականաբար, մեր միջոցներով՝ տաքսիով ենք գնում-գալիս։ Ընկերությունը ոչ մի կերպ չի ուզում գոնե փոխադրամիջոց տրամադրել, մարդիկ 2-3 հազար դրամ տաքսու գումար են տալիս, որ կարողանան գալ»։

«Գազպրոմ Արմենիայի» աշխատակցի փոխանցմամբ՝ ընկերության հիմնական աշխատողների մեծ մասը 60 տարեկանն անց են, 70 հսկիչով աշխատում են մի փոքր՝ 50 քմ սենյակում․

«Ընդ որում՝ մեր ծառայությունում վարակվածներ եղել են, բայց դրա մասին չի հայտարարվել, թաքուն է պահվել՝ այսպես ասած։ Տարածքն էլ, ի դեպ, չի ախտահանվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Սրա հետ մեկտեղ՝ ընկերության աշխատակիցներին ուղարկում են գումարը չվճարած քաղաքացիների գազը փակելու, հաշվիչ փոխելու, որի ժամանակ նրանց շփման շրջանակն էլ ավելի է մեծանում․

«Բնակիչներն էլ նույնիսկ սպառնում են, իրենց էլ ենք հասկանում, բայց մեկն ասում է՝ հաշվիչին մոտ չգաս, մեկը՝ մի այլ բան, կեսը՝ խնդրելով, կեսը մունաթով․․․ Մարդկանց դրության մեջ էլ եմ մտնում, բայց իմ աշխատանքն էլ չեմ ուզում կորցնել։ Մեր աշխատավարձի մի մասն էլ կախված է դրանից, այսինքն՝ եթե մենք մի տարածքի տվյալները կամ գազը փակելու ակտերը, կամ վճարման տվյալները չենք ներկայացնում, մեր տոկոսներից դուրս է գալիս, իսկ այդ տոկոսները՝ պրեմիա ասվածը, մեր աշխատավարձի մի զգալի մասն են։ Այսօր Հայաստանում աշխատանքը շատ կարեւոր է, լավ գիտեք, չենք կարող հենց այնպես մի բանի մասին խոսել, թողնել աշխատանքը, գնալ։ Ստիպված համակերպվում ենք, աշխատում»։

Մեր հարցին՝ այս խնդիրների ու մտահոգությունների մասին ընկերության ղեկավարության հետ խոսե՞լ են, աշխատակիցն այսպես պատասխանեց․

«Ասում են՝ մենք հրամանը ռուսից ենք ստանում, եթե հարցեր ունեք՝ իրենց հետ»։

Աշխատակցի հայտնած տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, սակայն մամուլի ծառայության հետ կապ հաստատել չհաջողվեց։ 

Հայարփի Բաղդասարյան