armenpress.am։ Հայաստանի կառավարության համար աղքատության հաղթահարումն առաջնային խնդիր է: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հիմա պատմական շանս ենք ստացել այդ հարցը շատ կարճ ճանապարհով լուծելու: Այսօր Հայաստանում 100 տոկոսով երաշխավորված է, որ համապատասխան կրթություն ունեցող երիտասարդը հայաստանյան չափանիշներով բարձր վճարվող աշխատանք կգտնի ՏՏ ոլորտում:

Կոնկրետ այս պահին Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մոտավորապես 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, և այդպես է լինելու վաղը, մյուս օրը, առաջիկա մի տարում, երկու տարում, ինչքան էլ այդ 4 հազար աշխատողը թեկուզ այս պահին հայտնվեն, միևնույնն է տարվա ընթացքում այդ 4 հազար պոտենցիալ աշխատատեղը միշտ լինելու է»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ տեսնում են, որ հնարավորություն ունեն ոչ միայն ուղղակի աղքատության հաղթահարման համար լուրջ քայլեր անել, այլև մարդկանց բերել բարեկեցության վիճակի: «Կրթության ոլորտում բարեփոխումների մեր տեսլականը հենց սրա հետ է կապված: Մենք հիմա նայում ենք, թե ինչ փոփոխություններ կարող ենք մտցնել, որպեսզի երեխային ճիշտ ճանապարհով տանենք դեպի ոչ թե աղքատության հաղթահարում, այլ միանգամից բարեկեցության հաստատում:

Եվ մենք այսօր մեր կրթական ծրագրերը նայում ենք, տեսնենք, թե մենք ոնց ենք դասաժամերը զբաղեցնում և ինչ կարող ենք ազատել, որը չի կարող ճակատագրական նշանակություն ունենալ, որպեսզի երեխաներին տանենք այդ ճանապարհով՝ մեծացնելով ֆիզիկա, մաթեմատիկա և տեխնիկական գիտությունների կրթությունը, որպեսզի երեխան, ավարտելով դպրոցը, ստանա այնպիսի բարձրագույն կրթություն, որ դրանից անմիջապես հետո ինքը մուտք գործի բարեկեցիկ կյանք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր կրթական քաղաքականության հիմնական խնդիրը հետևյալն է՝ ինչպես օգնել երեխային, որ ինքը լինի ավելի մրցունակ, կարողանա իր կյանքի հոգսերը հոգալ, գտնել աշխատանք և ոչ թե անընդհատ ակնկալի, որ կառավարությունը, սփյուռքը, բարեգործական կազմակերպությունները իրեն հաց են տալու:

«Եվ մենք ուզում ենք մեր արդյունաբերության ոլորտում, ռազմարդյունաբերության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում աշխատատեղ պատրաստելու առաջնահերթ խնդիր լուծել, որովհետև դա լուծում է ոչ միայն աղքատության հարցը, դա լուծում է մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման հարցը: Մեզ այսօր պետք են ինժեներներ՝ երկու պարզ պատճառով: Առաջինը՝ ինժեները անմիջապես, շատ արագ բարձր վճարվող աշխատանք կգտնի մեր աշխատաշուկայում:

Երկրորդը՝ այդ ինժեները հաջորդ պահին կկարողանա լուծել այն առաջադրանքները, որ այսօր մեր ռազմարդյունաբերական համալիրը կդնի իր առաջ, որը՝որպես արդյունք, կլուծի մեր երկրի անվտանգության մակարդակի ապահովման հարցը»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այստեղ կա մի խնդիր՝ գուցե, նա չունենա բավարար կրթություն տպավորիչ կենացներ ասելու համար: «Բայց դա լուծելի հարց է, որովհետև այդ հարցը ինքնակրթությամբ էլ կարելի է լուծել աշխատանքից և կրթությունից ազատ ժամերին, որովհետև, կարծում եմ, վերջին 30 տարիներին տպավորիչ կենացների շատ մեծ հատորյակներ են ստեղծվել: Մենք շատ պարզ բան ենք ասում, ասում ենք՝ եկեք թամադաների սերունդ պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով:

Մեզ ասում են, ո՞նց, դուք մեր ինքնության դեմ գործողություններ ե՞ք անում: Մենք ասում ենք՝ մեր ինքնությունն ուժեղ, ինքնավստահ, ռազմական, արդյունաբերական, տնտեսական առումներով ուժեղ Հայաստանի Հանրապետությունն է: Այս տրամաբանությունն է ընկած մեր ամբողջ քաղաքական տրամաբանության հիմքում՝ ներքին քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն:

Մենք գնալու ենք այս ճանապարհով, որովհետև մենք ուզում ենք և արտաքին քաղաքականության, և ներքին քաղաքականության մեջ վստահություն հաղորդել մեր երկրին, մեր պետությանը, մեր ժողովրդին: Մենք ուզում ենք կենացների շուրջ կառուցված իրականությունը փոխարինել ստեղծարար ընդունակությունների զարգացման շուրջ կառուցված իրականությամբ:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում տալ բարձրագույն կրթություն երիտասարդներին, ովքեր արդյունքում Հայաստանում չեն կարողանալու գտնել աշխատանք, նշանակում է, նրանց դատապարտել արտագաղթի, որովհետև եթե մարդը ունի որևէ որակավորում և այդ որակավորմամբ նա աշխատանք կարող է գտնել ոչ թե Հայաստանում, այլ ուրիշ վայրում, ինքը թողնելու է Հայաստանից հեռանա:

Մենք ուզում ենք, որ մեր կրթական համակարգը պատրաստի մասնագետներ, ովքեր ոչ միան Հայաստանում աշխատանք են գտնելու, ոչ միայն այդ աշխատանքով իրենց բարեկեցությունն են հաստատելու, այլ այդ աշխատանքի և բարեկեցության արդյունքում զարգացնելու են արդյունաբերական, տեխնոլոգիական, նորարարական Հայաստանը:

Մենք այս ճանապարհին ձեր աջակցությունն ենք փնտրում՝ առաջին հերթին բարոյական: Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի երկիր, որին ոչ թե պետք է գթասրտորեն աջակցել, կարեկցել, մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի երկիր, որտեղ կարելի է անել ներդրումներ, հարստանալ և հարստացնել: Եվ մենք համոզված ենք, որ գնում ենք այս ճանապարհով: