Մեր նպատակն է,  որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի․ Ռուստամ Բադասյան
16:54 - 01 ապրիլի, 2020

Մեր նպատակն է, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ։ Նախագծի կարգավորումները տեխնիկապես հնարավորություն չեն տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսելու կամ բովանդակությանն այլ կերպ ծանոթանալու՝ կլինեն դրանք կարճ հաղորդագրություններ, թե հեռախոսային զանգեր։ 

«Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքների համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում են կիրառվելու, արտակարգ դրությունից հետո հնարավոր չէ, որ որևէ նման սահմանափակում շարունակի գործել։ Սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով։ Ցանկացած այլ հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում նման միջամտություններ քաղաքացիների հիմնական իրավունքներին և ազատություններին չեն նախատեսվում»,- նշեց նա։

Փոխնախարարն ասաց, որ բոլոր տվյալները՝ անձնավորված թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավտոմատացված համակարգը համադրելու է վարակված քաղաքացու և պոտենցիալ վարակակիրների՝ միմյանց զանգելու և միևնույն տեղանքում միաժամանկ գտնվելու փաստերը, ինչն ավելի է արագացնելու վարակվածներին հայտնաբերելու և մեկուսացնելու գործընթացը։

«Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում»,- նշեց նա։

Փոխնախարարի կարծիքով՝ նախագիծն ամբողջությամբ համաչափ է, այս միջամտություններն արդարացված են և այն վերջին միջոցն են, որոնք գործող սահմանափակումների հետ պետք է բերեն ցանկալի արդյունքի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել