shantnews.am:  «Գործկոմը միաձայն որոշեց, որ պատասխանատվություն է վերցնում ֆուտբոլում բարեփոխումներ և ֆուտբոլում առողջացում իրականացնելու համար և որոշեց, որ դեկտեմբերի 23-ին լինելու է նոր ընդհանուր ժողով, որում ընտրվելու է նոր ֆեդերացիայի նախագահ և նոր գործկոմ, այսինքն՝ այդ ժամանակ գործկոմը չի լինի»,-  հայտարարել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ մոտակա մեկ ամսում գործկոմը շարունակելու է աշխատանքը: Մանրամասնել է.

«Շատ կարևոր առաքելություն ունի իրականացնելու, այն է՝ մաքրել ՀԿ-ների ցանկը, որոնք ժողովին պետք է լինեն, ի՞նչն է պատճառը. բազմաթիվ ՀԿ-ներ ֆիկտիվ են, չեն գործում և կան այլ ՀԿ-ներ, որոնք կասկածելի կապեր ունեն կասկածելի անձանց հետ, այսինքն` նպատակն այն է, որ սկսվի առողջացման գործընթաց, և ընտրվի հանրության վստահությունը վայելող ֆեդերացիայի նախագահ և նոր գործկոմ»:

Ռուբինյանը նաև խոսել է գործկոմի դերի բարձրացման մասին՝ ասելով.

«Գործկոմը ցույց է տվել, որ ունի կարևորություն, որովհետև, եթե վերհիշենք նախորդ տարիները, շատ քչերը գիտեին, որ ունի գործկոմ և շատ քչերն էին լսել գործկոմի իրականացրած գործողությունների մասին: Գործկոմը ցույց տվեց, որ ի զորու է լուծում տալ ճգնաժամերին»:

Գնահատականներին, որ ֆեդերացիան նախկինում ուներ կարգապահություն, Ռուբինյանը համաձայն չէ: Նման միտք արտահայտել էր Արազ Օզբիլիսը, ըստ նրա` այսօր այդ կարգապահությունն էլ չկա: Ռուբինյանն արձագանքել է.

«Համաձայն չեմ, որ առաջ առանձնապես մեծ կարգապահություն կար, բայց կարծում եմ, որ հիմա էլ կարգապահության հետ խնդիր կա»:

Նա անդրադարձել է նաև ֆեդերացիայի նոր նախագահի նշանակման հարցին.

«Ես չեմ, մեր քաղաքական թիմը չէ, որ պետք է որոշի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի կրիտերիաները, դա ֆուտբոլային հանրության գործն է»:

Արամ Աբրահամյանը նաև հետաքրքրվել է, թե Աբրահամ Խաշմանյանին կարո՞ղ է Վանեցյանը միանձնյա նշանակել հավաքականի մարզիչ, ասել է.

«Պարոն Վանեցյանը նշանակել էր, բայց այդ պահին գործող կանոնադրությամբ իրավունքը չուներ, կարող էր գործկոմը նշանակել, ինչն էլ եղավ, գործկոմը նիստի ժամանակ նշանակեց. ինչո՞ւ պարոն Խաշմանյանին. եթե այդ օրը չնշանակեր, հաջորդ օրը կարող էր չլինել մարզիչ»,- ասել է նա:

Ռուբինյանը հավելել է, որ այս պահին ուժի մեջ մտած կանոնադրության համաձայն՝ մարզիչ նշանակում է ֆեդերացիայի նախագահը, իսկ այն ժամանակ գործկոմն էր նշանակում: