Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ զեկույցը |armenpress.am|
19:28 - 24 փետրվարի, 2020

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ զեկույցը |armenpress.am|

armenpress.am: Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է «Գործընկերային վերանայման» վերաբերյալ զեկույցը, որն իրականացվել է Հայաստանի գործողությունների ազգային պլանի հիման վրա, որպես ԵՄ «սթրես թեստերի» գործընթացի բաղադրիչ: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

«Գործընկերային վերանայումն» անցկացվել է բաց, համագործակցային ձևաչափով, ԵՄ «սթրես-թեստերի» տեխնիկական, այդ թվում՝ թափանցիկության բնութագրերին լիարժեք համապատասխան: Գործընկերային վերանայումն իրականացվել է Եվրամիության և ԵՄ ոչ անդամ պետությունները ներկայացնող ինը փորձագետներից բաղկացած թիմի կողմից, որի կազմում ընդգրկվել են նաև Եվրահանձնաժողովի երկու ներկայացուցիչ և չորս դիտորդ։ «Գործընկերային վերանայման» թիմը գնահատում և ողջունում է վերանայման ընթացքում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի՝ ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեի և լիցենզավորված մարմնի դրական, բաց և թափանցիկ գործելակերպը և իրենց կողմից ներկայացված բոլոր մեկնաբանություններին և հարցերին լուծումներով անդրադառնալու ձգտումը։

«Գործընկերային վերանայման» թիմը պարզել է, որ ՀՀ Գործողությունների ազգային պլանի կառուցվածքը և բովանդակությունը համարժեք է և լիովին համապատասխանում է ԵՄ «սթրես-թեստերի» պահանջներին: Թիմը գնահատել և ողջունել է 2016թ. ի վեր կատարված ողջ աշխատանքը և արտաքին վտանգավոր ազդեցությունից կայանների պաշտպանության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:

Այդուհանդերձ, Մեծամորի ԱԷԿ-ում սթրես-թեստի կիրառման գործընթացից բխող գործողությունների իրականացումն ապահովող անհրաժեշտ ֆիզիկական վիճակի բարելավման համար դեռևս զգալի աշխատանք պետք է ամփոփվի, մասնավորապես կապված՝ սեյսմակայունության բարելավման, կայանի գործարկման դադարեցման իրավիճակի ընդհանուր հայեցակարգի և տեխնիկական լուծումների մշակման, ինչպես նաև ախտանիշահեն «Արտակարգ իրավիճակում գործառնական ընթացակարգերի» և «Ծանր վթարների կառավարման ուղեցույցների» իրականացման ավարտի հետ։ «Գործընկերային վերանայման» թիմն առաջարկում է ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեին դասակարգել Ազգային անվտանգության գործողությունների պլանից բխող անվտանգության բոլոր բարելավումներն` ըստ անվտանգության նշանակության և ապահովել դրանց իրականացումն ՝ դրանց դասակարգմանը համահունչ ժամանակացույցի: Այնուհետև՝ առաջարկվել է մշակել համալիր պլան, իրականացնելու՝ Գործողությունների Ազգային ծրագրի «սթրես-թեստի» պահանջ հանդիսացող անվտանգության բարձրացման, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանն ուղղված ծրագրի և ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համատեքստում անհրաժեշտ միջոցառումներ։

2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն դարձավ ՝ ԱԷԿ-ների ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատման՝ «սթրեսթեստերի» անցկացման առաջատարն աշխարհում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել