Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, ԶՊՄԿ-ում․ Մանե Գևորգյան
00:06 - 29 ապրիլի, 2020

Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, ԶՊՄԿ-ում․ Մանե Գևորգյան

Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Նա նշել է, որ այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։

ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

Ավելի վաղ Գեւորգյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ ՊԵԿ նախկին նախագահ  Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:

Նա նշել էր նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել