armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության և մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: «Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են նաև եկող տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի` ֆիննական փորձը Հայաստանի Ազգային ժողովում տեղայնացնելու նպատակով: Հանդիպմանը հետևել են քննարկումներ Էդուսկունտայի այլ պատգամավորների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: