Մշակույթի նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է Ամբերդի շրջակայքում փոխվել պահպանության գոտին |tert.am|
11:49 - 02 մայիսի, 2019

Մշակույթի նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է Ամբերդի շրջակայքում փոխվել պահպանության գոտին |tert.am|

tert.am: ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Ամբերդ ամրոցի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքներին և դրանց կասեցմանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է Ամբերդ ամրոցի շրջակայքում պահպանության գոտին փոխվել:

Նա նշեց, որ ապրիլի 13-ին սոցցանցերից են տեղեկացել, որ Ամբերդ ամրոցի մոտակայքում շինարարական աշխատանքներ են իրականացվում: «Անմիջապես ստուգեցինք, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը և թե արդյոք պահպանության գոտու մեջ են մտնում իրականացվող աշխատանքները, թե ոչ»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այդ տարածքը դուրս է հանվել պահպանության գոտուց։ Նախարարությունն ուսումնասիրել է, թե ինչպես է կազմվել պահպանության գոտին և պարզել, որ դեռևս 2013 թվականին այն դուրս է հանվել, ինչը, ըստ նրա, տարօրինակ է:

Տիգրան Գալստյանը նշեց, որ շինարարություն կատարելիս հայտնաբերվել են պատմական շերտեր, իսկ երբ Հայաստանում կամայական տեղ շինարարություն անելիս, հայտնաբերվում են հնագիտական շերտեր, պարտավոր են աշխատանքները դադարեցնել, ներկայացնել Մշակույթի նախարարություն, որի դիրքորոշումից հետո միայն կարող է շարունակել աշխատանքները:

«Ապրիլի 26-ին մենք հնագետի հետ այցելեցինք Ամբերդ և պարզեցինք, որ հնագիտական շերտերի առկայություն կա, և անհրաժեշտություն կա, որ հնագետն ուսումնասիրի: Կառուցապատողի հետ պայմանավորվեցինք, որ ժամանակավոր դադարեցվի շինարարությունը, մինչև հնագետը կիրականացնի ուսումնասիրություն»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել