news.am: Մոտ ժամանակներս կհաշվարկվեն Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵՈւ) գործադուլի պատճառած վնասները։ Այս մասին  ասաց ՀԿԵՈւ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

«Տվյալները կհրապարակվեն վերջնահաշվարկի կատարումից անմիջապես հետո»,- նշել է նա։


Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ երկաթուղային հաղորդակցությունը դեռեւս չի վերսկսվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին կեսօրից հետո Հարավկովկասյան երկաթուղու Երեւանի, Գյումրիի եւ Սանահինի դեպոների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։ Հայաստանում երկաթուղային հաղորդացությունը կաթվածահար է, կանգնած են թե՛ բեռնատար, թե՛ ուղեւորատար գնացքները։

Աշխատակիցները պահանջում են 30 տոկոս աշխատավարձի բարձրացում, բայց ՀԿԵՈւ ղեկավարությունը չի համաձայնում։

Աշխատակիցները պնդում են, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են պարգեւավճարների համակարգ մտցնելու միջոցով։ Նրանք դեմ են դրան, քանի որ տարբեր պատճառներով իրենց պարգեւավճարներ չեն տալիս։

Խնդիրը վերաբերում է ընկերության ավելի քան 3 հազար աշխատակցի։