Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան  |factor.am|
00:19 - 27 մարտի, 2020

Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Արցախի իշխանությունները, կարծես թե, մտադիր են նախագահի ու պառլամենտի ընտրությունները անցկացնել մարտի 31-ին, չնայած որ կորոնավիրուսի տարածման վտանգը առկա է։ ՀՀ-ում մոտ 290 վարակման դեպք է արձանագրվել ու  մեկ քաղաքացի է մահացել։ Այսօրվանից արգելվեց ՀՀ-ից բոլոր անձանց մուտքը Արցախ, եթե չունեն այնտեղի քաղաքացիություն։ Արցախյան ընտրությունների ընթացքը ՀՀ-ից դիտարկելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» և Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունները։ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ կորոնավիրուսի վտանգը Արցախում ընտրական մթնոլորտը դարձրել է ոչ բարենպաստ։

«Սա ընտրությունների անցկացման նորմալ վիճակ չէ։ Ընտրողներն իրենց ազատ չեն զգալու։ Մարդկանց կաշկանդում է կորոնավիրուսի տարածման վտանգը։ Մտավախություն ունենք, որ շատ ընտրողներ ուղղակի կկաշկանդվեն տեղամաս գնալուց, ընդ որում՝ սա ավելի շատ կանդրադառնա անկախ ընտրողների վրա, իսկ նրանք, որ բարեգործություն են ստացել թեկնածուներից, մի տեսակ պարտավորված են գնալ-քվեարկելու, իսկ ոչ մի պարտավորություն չունեցող քաղաքացիները կարող է քիչ գնան և դա ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Մենք դրանից բավականին մտահոգված ենք»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նա հույս է հայտնում, որ ընտրությունները մարտի 31-ին անցկացնելու մտադրությունից իշխանությունը կհրաժարվի․ «Ոչ միայն ընտրողների կաշկանդվածությունը կանցնի, այլև թեկնածուները կկարողանան նորմալ բազմամարդ քարոզչություն իրականացնել, այսօր դռնփակ հանդիպումներ չեն անցկացվում, մարդիկ բացօթյա հավաքներից էլ են զգուշանում։ Որևէ մեկը չի կարող թեկնածուին ասել՝ հավաք մի արա, բայց կորոնավիրոսի տարածման վտանգը չգրված կոնսենսուս է ապահովել թեկնածուների շրջանում, որ փակ հանդիպումներ չարվեն»։

Երբ էլ ընտրությունները տեղի ունենան, հայաստանյան կազմակերպությունները ողջ ծավալով կիրականացնեն դիտորդություն։ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն, որպեսզի վարակի չտարածման ռիսկը բացառվի, ու նաև, որ Արցախի ընտողները վստահ լինեն՝ եթե տեղամասում կա հայաստանյան դիտորդ, այդ տեղամասը առողջապահական լրացուցիչ վտանգ չի ներկայացնում։

Արցախյան այս ընտրություններին միջազգային դիտորդներ ու լրատվամիջոցներ ներկա չեն լինի՝ պատճառը կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի արգելքներն են։ Կլինեն նորամուծություններ Արցախում՝ ԻՔՄ-ի խորհրդատվական աջակցությամբ Ստեփանակերտի ու շրջկենտրոնների 280 տեղամասերից 40-ում կտեղադրվեն տեսախցիկներ, ընդ որում՝ պատկերի հետ կհեռարձակվի նաև ձայն։ Իոաննիսյանի հաշվարկներով՝ ընտրազանգվածի կեսից ավելին տեսախցիկներով հագեցած տեղամասերում կքվեարկեն։ Միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությունը փոքր-ինչ կլրացնեն պաշտոնական և հասարակական սեկտորների բրֆինգները օտար լեզուներով թարգմանելով։ Իոաննիսյանն ասում է՝ միջազգային գործընկերների բացակայությունը ևս մեկ փաստարկ է՝ ինչու է պետք հետաձգել ընտրությունները. «Շատ կարևոր էր նրանց միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախում ընտրությունների որակը անհամեմատելի է Ադրբեջանում ընտրությունների հետ՝ նույնիսկ առկա խնդիրներով հանդերձ»։

Չորս օր է մնացել քվեարկությանը, արդյոք տեղամասերում կեղծիքի ռիսկ կա, Դանիել Իոաննիսյանն այս պահին զերծ է մնում գնահատականներից, հակառակը, ասում է՝ հայաստանյան դիտորդական կազմակերպությունները լրջագույն խնդիրներ են արձանագրել, այդ թվում՝ հանցագործություններ և հաղորդում ներկայացրել Արցախի դատախազություն։

Շարունակությունը` factor.am-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել