Նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկել նպաստից |tert.am|
18:30 - 15 մայիսի, 2019

Նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկել նպաստից |tert.am|

tert.am: Վաղը կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կներկայացնի նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, համաձայն որոնց ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։

Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և նշել, որ նախագծի ընդհանուր կարգավորումից, ինչպես նաև Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընդլայնվել միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու արտոնությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված սեզոնային աշխատանքների ցանկում ներառված են նաև սեզոնային աշխատանքների այլ տեսակներ (օր.՝ անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում, ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ և այլն), որոնց պարագայում վերոնշյալ արտոնությունները կիրառելի չեն լինելու:

«Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ ելնելով դրանում նախատեսված կարգավորումների հստակեցման և միատեսակ մոտեցման դրսևորման անհրաժեշտությունից: Այս առումով նախագծի հիմնավորման մեջ անհրաժեշտ է նախատեսել համապատասխան դրույթներ»,- նշված է նախարարության առաջարկության մեջ և առաջարկվող փոփոխությունները ընդունվել են մասամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել