«Նախարա՛ր, արի՛»․ Թատերական ինստիտուտում շարունակվում է ուսանողների բողոքի ակցիան
12:50 - 22 մայիսի, 2019

«Նախարա՛ր, արի՛»․ Թատերական ինստիտուտում շարունակվում է ուսանողների բողոքի ակցիան

լուսանկարը՝ tert.am-ի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մի խումբ ուսանողներ շարունակում են փակ պահել բուհի դռները՝ պահանջելով չեղյալ հայտարարել ռեկտորի ընտրության արդյունքները և առաջարկել նոր, այլընտրանքային ծրագիր։

«Դուք սխալ որոշումներ եք կայացնում, այս վիճակում ինստիտուտում նորմալ մթնոլորտ չի լինի»,- նշեց ուսանողներից մեկը։

Ռուբեն Բաբայանը, որն այդ պահին ԵԹԿՊԻ շենքում էր և չէր կարողանում դուրս գալ, հայտարարեց․ «Եթե դուք թույլ չտաք, որ ես իրականացնեմ իմ իրավունքը ազատ տեղաշարժման, ես այս ինստիտուտ չեմ մտնի, կարող եք համարել, որ դիմում եմ գրել ու դուրս եկել։ Վե՛րջ։ Ես իմ հանդեպ բռնություն չեմ հանդուրժի, իսկ սա բռնություն է»։

Ուսանողները հակադարձեցին․ «Մենք Ձեր անձի հանդեպ բռնություն չենք գործադրում, բայց դուք ուսանողությանը չեք լսում, էսքան մարդ բողոքում ա, դեմ ա դրան։ Կառավարության և նախարարության անդամները և դասախոսական անձնակազմը խորհրդի հետ միասին պիտի հաշվի առնի էս ինստիտուտի ուսանողության կարծիքը»։

Ուսանողները նշում են՝ ստացվում է՝ վեց հոգով իրավունք ունեն բոլորի անունից, ամբողջ ուսանողության անունից խոսելու։ 

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց․ «Մենք հիմա չենք թողնելու՝ որևէ մեկը էստեղից դուրս գա, որովհետև մենք պահանջել ենք այլընտրանքային ծրագիր, որ լինեն մի քանի թեկնածուներ, թող չեղյալ հայտարարվի այս ընտրությունը»։

Նա նաև ասաց՝ ժամանակին վարչապետը բոլոր փողոցները փակում էր, բոլորի տեղաշարժման իրավունքը փակում էր, ոչ մեկ չէր խոսում, հիմա խոսու՞մ եք։

«Փակ ենք պահելու էնքան, մինչև նախարարը գա էստեղ, գա տեսնի»,- նշեցին ուսանողները։

Ինստիտուտի ղեկավարության ներկայացուցիչն ուսանողներին փոխանցեց կառավարման խորհրդի առաջարկը՝ ներկայացուցչական խումբ կազմել ու հանդիպել խորհրդի հետ՝ ավելացնելով, որ Խորհրդի նիստը կայացել է, 24 անդամներից որևէ մեկը որևէ խախտում չի արձանագրել, ինչին ուսանողները պատասխանեցին․

«Մենք պահանջում ենք՝ նախարարը գա էստեղ, տեսնի ուսանողության վրդովմունքը, լսի ուսանողությանը, ու դրանից հետո որոշենք՝ ինչ է լինելու։ Մենք էդ փափուկ բարձերը լավ գիտենք»։

Նրանք սկսեցին վանկարկել «նախարա՛ր, արի՛»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել