hetq.am: Այն, որ հայ պաշտոնյաների մի ստվար հատված եւ նրանց հարազատները ընկերություններ ու գույք ունեն արտասահմանում, նորություն չէ, բայց հարցն այն է, որ նրանց մի մասն այդ բիզնեսն ու գույքը չի հայտարարագրում՝ վստահ լինելով, որ համապատասխան հանձնաժողովը (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) եւ հանրությունն այդ մասին չեն իմանալու, ու, բնականաբար, հետեւանքներ էլ չեն լինելու:

Նախկինում անդրադարձել ենք, մասնավորապես, Չեխիայում տարբեր նպատակներով ընկերություններ հիմնած ու նաեւ գույք ձեռք բերած որոշ պաշտոնյաների եւ նրանց հարազատներին:

Սնանկացած «Աշտարակ-կաթի» տիրոջ չեխական ունեցվածքը
Այսօր կպատմենք ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանի մասին, ով ոչ միայն ընկերություն է հիմնել եվրոպական երկրում, այլեւ մեծածավալ գույք ձեռք բերել:

Ա. Ափոյանը պատգամավոր է եղել 2003-2012 թթ.: Անկուսակցական է, սակայն թե՛ 2003-ի, թե՛ 2007-ի ընտրություններում խորհրդարան է մտել ՀՅԴ համամասնական ցուցակով: Ափոյանը հանրությանն առավել հայտնի է որպես կաթնամթերք արտադրող «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի սեփականատեր:

2016-ի դեկտեմբերի 19-ին այս ընկերությունը սնանկ է ճանաչվել: Տարիների ընթացքում ՓԲԸ-ն մեծ ծավալի պարտքեր էր կուտակել տարբեր անձանց ու կազմակերպությունների, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է սնանկության: 2017-ի մայիսի 2-ից ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, եւ այժմ դրան պատկանող, ինչպես նաեւ վերջինիս վարկային պարտավորությունների կատարման համար գրավադրված, սակայն այլ անձանց պատկանող գույքը վաճառվում է աճուրդում: Օտարվող անշարժ գույքի մեջ են Արագածոտնի Ագարակ գյուղում գտնվող արտադրական շինություններն ու հողամասը, որոնք պատկանում են ՓԲԸ-ին, ինչպես նաեւ նույն մարզի Ուշի գյուղում գտնվող եւ Ափոյանի կնոջը պատկանող հողատարածքները: Ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել ավելի քան 1000 լոտ, որոնց մի մասը մինչ այս պահն արդեն իրացվել է:

Պարզվում է՝ Աշոտ Ափոյանը 2006-ի հունիսի 19-ին «ZÁTKA» (թարգմանաբար՝ խցան) անունով ՍՊԸ է հիմնել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (Letňany, Kostomlatská 684/414 - բնակելի շենք է): Ափոյանը 2006-2010 թթ. եղել է չեխական ընկերության միակ փայատերն ու տնօրենը: Բայց հարցն այն է, որ ԱԺ պատգամավորը, ՀՀ Սահմանադրության համաձայն, իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ, այսինքն՝ կարող էր լինել սեփականատեր, բայց ոչ կառավարիչ կամ ղեկավար՝ տնօրեն: Այդ ժամանակ գործող Սահմանադրությունը (2005 թ. փոփոխություններով) հստակ նշում էր. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: