Իր դեմոկրատ գործընկերներին ուղղված բաց նամակում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա վարած քաղաքականությունը։

«Մենք հիմա ծանր ժամանակներ ենք ապրում և ուզում ենք վերադառնալ մեր նախկին կյանքին։ Մենք կհաղթահարենք այս դժվարությունները, սակայն հաջողության համար մեզ պետք է մի սկզբնակետ, որին կհետևեն մեր մնացյալ գործողությունները։ Մեզ անհրաժեշտ է ճշմարտություն։

Առաջ շարժվելու համար մեզ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչի պատճառով ենք մենք հայտնվել այսօրվա իրավիճակում։

•  Ճշմարտությունն այն է, որ Դոնալդ Թրամփը ոչնչացրել է իրեն փոխանցված ենթակառուցվածքները, որոնք նախատեսված էին համավարակի հաղթահարման համար, ինչի հետևանք են մահերն ու տնտեսական աղետը։

•  Ճշմարտությունն այնէ, որ հունվարին Դոնալդ Թրամփին զգուշացրել են համավարակի մասին, նա անտեսել է զգուշացումները, նրա ձեռնարկած միջոցառումները բավարար չէին ու մահերի և տնտեսական աղետի պատճառ դարձան։ 

•  Ճշմարտությունն այն է, որ Դոնալդ Թրամփն ին ամենահավատարիմ հետևորդներին ասում էր, որ համավարակը մտացածին է ու հրաշքով կանէանա՝ այսպիսով վտանգելով կյանքերն ու ճանապարհ հարթելով տնտեսական աղետի համար։ 

•  Ճշմարտությունն այն է, որ մենք մարտին չունեինք բավարար թվով թեստեր՝ հակառակ Թրամփի անընդհատ կրկնվող հայտարարություններին, թե ունենք։ Եվ անգամ հիմա մենք չունենք բավարար քանակի թեստեր, դիմակներ, անհատական պաշտպանիչ միջոցներ ու անհրաժեշտ սարքավորում, ինչը մահերի ու տառապանքների է հանգեցնում։ 

•  Ճշմարտությունն այն է, որ ոչ պրոֆեսիոնալ քայլերի պատճառով Դոնալդ Թրամփին հանձնված ուժեղ տնտեսության փոխարեն մենք ունենք աղետ, որի պատճառով անթիվ ամերիկացիներ դատապարտված են տառապանքների, և վտանգի տակ է նրանց կյանքը։ 

•  Ճշմարտությունն այն է, որ թույլ մարդը, թույլ առաջնորդը իր վրա չի վերցնում որևէ պատասխանատվություն։ Թույլ մարդը մեղադրում է ուրիշներին։

•  Ճշմարտությունն այն է, որ այս պահից սկսած՝ ամերիկացիները պետք է ուշադրություն չդարձնեն սուտ բառերի վրա ու սկսեն լսել գիտնականներին և այլ բարձրակարգ մասնագետներին, որպեսզի պաշտպանենք մեզ ու մեր սիրելիներին։ 

Ճշմարտություն է նաև, որ մի ամիս անց մենք դեռևս չունենք բավարար թվով թեստեր, ամերիկացիների ընդամենի մեկ տոկոսն է թեստավորվել։ Թեստերը չանցկացնելը վտանգավոր է ու մահացու, և առանց թեստավորման մենք չենք կարող վերադառնալ մեր կյանքին։ 

Մենք չունենք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։ Առանց թոքերի արհեստական շնչառության սարքավորումների մեր բուժաշխատողները չեն կարողանալու փրկել այն մարդկանց կյանքը, որոնց նրանք ծառայում են։ 

Մեր ապագան կլինի առողջ ու բարեկեցիկ, եթե մենք այլևս չհանդուրժենք սուտն ու խաբեությունը։ 

Մենք պետք է ընդունենք ճշմարտությունը, մենք այն պետք է բարձրաձայնենք, մենք պետք է պնդենք ու պետք է գործենք՝ համապատասխան իրականությանը»։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի