Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին |azatutyun.am|
05:26 - 19 դեկտեմբերի, 2019

Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: Քվեների 230 կողմ, 197 դեմ հարաբերակցությամբ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը ժամեր առաջ իմփիչմենթ հայտնեց նախագահ Թրամփին` իշխանությունը չարաշահելու համար, րոպեներ անց ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հավանության արժանացավ նաև նախագահին առաջադրված երկրորդ` Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքը:

Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Ամերիկայի պատմության մեջ երրորդ նախագահը, ով իմփիչմենթի է ենթարկվել Ներկայացուցիչների տանը:

Պատմական այդ քայլից առաջ օրենսդիրները երկար ու թեժ բանավիճեցին, ավելի քան 8 ժամ շարունակված քննարկումների ընթացքում դեմոկրատները մեկը մյուսի ետևից նախագահ Թրամփին մեղադրում էին դավաճանության ու Սահմանադրությունը ոտնահարելու մեջ: «Որևէ մեկն օրենքից վեր չէ, մտածեք ոչ թե Թրամփի, այլ` Միացյալ Նահանգների ու ամերիկյան Սահմանադրության մասին», - հորդորում էին ընդդիմախոսները:

Դեմոկրատների ազդեցիկ ներկայացուցիչ, Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն էլ ավելի հեռուն գնաց ու պնդեց` նախագահ Թրամփը վտանգավոր է ամերիկյան ժողովրդավարության համար: «Մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է, բայց մենք ունենք դեղամիջոց, որ կտակել են մեզ մեր երկրի հիմնադիրները հենց այսպիսի դեպքերի համար` դա իմփիչմենթն է: Հարցն ընդամենը այն է, թե արդյոք մենք կօգտագործենք այդ դեղամիջոցը», - դիմելով գործընկերներին՝ հայտարարեց Շիֆը, պնդելով` Թրամփը զոհաբերել է ազգային շահը, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծի իր համար նախագահական հաջորդ ընտրություններում:

Աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ Միացյալ Նահանգների նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել