Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը
04:47 - 20 նոյեմբերի, 2019

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

Շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքէջը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում նշել է, որ հաշվետվությունն իրական ցուցանիշների վրա հիմնված և էներգետիկ համակարգի անվտանգությանն ու զարգացմանն ուղղված կարևոր փաստաթուղթ է: ««Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը ցույց է տալիս, թե ինչպես է մեր էներգահամակարգը զարգանալու առաջիկա տարիներին, ինչ քայլեր են արվելու, որ այն զարգանա նվագագույն ծախսումներով և առավելագույն արդյունավետ, որպեսզի մենք ունենանք մատչելի էներգիա սպառողների համար և հուսալի ու անվտանգ համակարգ»,-ասել է նախարարի տեղակալը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը։ Սա օրինակ է, թե ինչպես կարող է ընտրված քաղաքականությունն ազդել Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային կարիքների և կառուցվածքի վրա»,- նշել է Դեբորա Գրիզերը:

Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով մինչև 2036 թ. զարգացման պլանի մշակումը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր սցենարներ՝ մասնավորապես՝ իրացնել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ներուժը, գնահատելու շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ամրապնդել երկրի էներգետիկ անվտանգությունը: Ներկայացված սցենարները կարող են կարևոր ռեսուրս դառնալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության մշակման ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել