Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում վերընտրվեց նախկին տնօրենը․ խորհրդի անդամը հատուկ կարծիք ներկայացրեց
22:31 - 06 մարտի, 2020

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում վերընտրվեց նախկին տնօրենը․ խորհրդի անդամը հատուկ կարծիք ներկայացրեց

Այսօր ՝ մարտի 6-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար անցկացվող ընտրության արդյունքում վերընտրվեց Լիանա Աշրաֆյանը։  Հիշեցնենք, որ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղի ունեցող որոշ խնդրահարույց իրադարձությունների արդեն անդրադարձել էինք։

Դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցող խորհրդի անդամներն էին՝ Ելենա Հարությունյանը՝ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության անդամ, Հրածին Սարգսյանը(ԵՊՀ դասախոս) և Հրաչյա Բաղդասարյանը(բժիշկ)՝ նշանակված քաղաքապետարանի կողմից, Վահրամ Սողոմոնյանը՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, Թագուհի Չոբանյանը և Մարիամ Հայրապետյանը՝ մանկավարժական խորհրդի անդամներ։

Խորհրդի նախագահ Քրիստինե Ղալեչյանը  և Վաղինակ Ջանազյանը ներկա չէին տնօրենի ընտրությանը։ 

Խորհրդի անդամները կարևորեցին այն հանգամանքը , որ սա դպրոցի տնօրենի ընտրության այն եզակի դեպքերից է, երբ ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիտորդներ։ Սակայն  մինչև ընտրության սկիզբը արհեստական խոչընդոտներ  ստեղծվեցին նաև լրատվամիջոցների համար։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները նախապես հավատարմագրվել էին, փոխտնօրեն և խորհրդի անդամ Մարիամ Հայրապետյանը կարգադրեց ներս չթողնել ուշացած լրատվամիջոցներին, այնինչ ընտրությունը սկսվեց հրահանգից 50 րոպե անց։ Որոշ ժամանակ անց հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողացան ներս մտնել։

Ընտրությանը ներկա գտնվելու համար դպրոց եկած ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին՝ խորհրդի որոշմամաբ չթույլատրեցին ներկա գտնվել ընտրության ընթաքին։ Երիցյանի ահազանգից հետո ընտրությանը ներկայացան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Երիցյանի խոսքով, վերջինս նույնպես որոշ փաստաթղթեր ներկայացնելուց հետո է միայն կարողացել ներս մտնել։ Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին մերժելու պատճառը եղել էր նախապես հավատարմագրված չլինելու հանգամանքը։

«Քանի որ նախապես չէի հավատարմագրվել, խորհուրդը դրեց քվեարկության, թե արդյոք նպատակահարմար են գտնում ինձ դիտորդի կարգավիճակում թույլ տալ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, և, փաստորեն, իրենք գտան, որ նպատակահարմար չէ իմ մասնակցությունը և սահմանափակեցին իմ՝ դիտորդ լինելու հնարավորությունը։ Ծովինար Վարդանյանի պարագայում էլ որոշ ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել։ Սկզբում պատճառն այն էր, որ  վկայականը  իր մոտ չէր, հետո նա բերեց վկայականը, ապա ասացին, որ խորհուրդը որոշել է, որ իրեն նույնպես թույլ չեն տալիս մասնակցել։ Ինձ մոտ բնական կասկած առաջացավ, որ գուցե դա արվում է միտումնավոր, քանի որ որոշ լրատվամիջոցներ նույնպես կարողացան ներս մտնել առանց հավատարմագրման։ Քանի որ նախկինում էլ ահազանգեր էի լսել դպրոցի կառավարման խորհրդի ներկայացուցիչներից՝ որոշակի խնդիրների վերաբերյալ, ուզում էի ինքս համոզվել, սակայան  դա ինձ մոտ չստացվեց»,- infocom.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հինական դպրոցի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն էին, որոնք խորհրդին  նախապես ներկայացրել էին իրենց կողմից մշակված զարգացման ծրագրերը։

Տնօրենի հավակնորդ Անուշ Մարտիրոսյանը իր ելույթում  նշեց, որ կարևորում է ժողովրդավարության ամրապնդումը կրթության ոլորտում, քանի որ ժողովրդավարությունն է կրթության կարևոր անկյունաքարերից մեկը։ Վերջինս նշեց, որ կարևոր է բոլոր շահառու կողմերի ներգրավվումը դպրոցի կառավարման գործում։

Տաթևիկ Մարաբյանը իր ելույթում  ընդգծեց, որ կարևորում է ոչ միայն աշակերտներին որակյալ գիտելիքներ փոխանցելու գործընթացը, այլ նաև նրանց հմտութուններ և կարողություններ փոխանցելու գործընթացը։ Մարաբյանը նշեց, որ արժևորում է լեզվի և հայրենասիրական դաստիարակության դերը դպրոցներում։

Վերընտրված տնօրեն Լիանա Աշրաֆյանը իր ելույթում  ներկայացրեց իր պաշտոնավարման տարիներին արձանագրված արդյունքները և կատարված աշխատանքները։ Աշրաֆյանը նշեց, որ դպրոցի զարգացման համար կարևոր է համարում բոլոր սովորողներին հասանելի որակյալ կրթության ապահովման գործընթացը, ուսուցման գործընթացում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն։

Տնօրենի պաշտոնին  առաջադրված Արմինե Մարիրոսյանը իր զարգացման ծրագրի հիմքում դրել էր դպրոցների ժողովրդավարական կառավարման մոդելի իր տեսլականը։ Մարտիրոսյանն առանձնացրեց ժողովրդավարության համար անհրաժեշտ մի քանի կետեր՝ հանդուրժողականություն, արդարություն, առաջնորդելու կարողություն և այլն։

Թեկնածու Անժելա Կարապետյանը ընդգծեց, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն օտար լեզուների ուսուցմանը, այլ կենտրոնանալ նաև բնագիտամաթեմաթիկական առարկաների որակյալ ուսուցման վրա։ Կարապետյանը շեշտեց, որ Աղբալյանի անվան դպրոցի տարածքը թույլ է տալիս ունենալ նաև հետազոտական կենտրոններ, որտեղ երեխաները կկարողանան զարգացնել իրենց հմտություններն ու ունակությունները։

Թեկնածուների ելույթերից հետո տեղի ունեցած ընտրության արդյունքում  ձայների մեծամասնությամբ տնօրեն ընտրվեց դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը՝ հնարավոր 6 ձայնից ստանալով 5-ը։

Ընտրության ավարտից հետո խորհրդի քվերակությանը դրվեց ընտրության արդյունքները հավաստի համարելու հարցը։ Խորհրդի անդամներից հինգը քվերակեցին կողմ, իսկ խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանը՝ դեմ՝ ներկայացնելով հատուկ կարծիք։ Վերջինս՝ որպես դեմ լինելու հիմնավորում նշեց․

«Դեմ լինելու հիմնավորումը հետևյալն է՝ խորհուրդը և ժամանակավոր պաշտոնակատարը նախկին տնօրենի ժամկետի լրանալուց հետո գործել են օրենքի խախտումներով, կողմնակալ են եղել, թաքցրել է փաստաթղթեր, որոնք պարտավոր էին ներկայացնել բոլոր հավակնորդներին։ Հավակնորդներից մեկը օգտագործել է իր կապերը, որպեսզի գրեթե ամեն օր գտնվի տնօրենի աշխատասենյակում՝ չունենալով այդ լիազորությունները, և դպրոցի հետ ծանոթանալու, դպրոցի խորհրդատկցական մարմինների հետ աշխատելու, այս ընթացքում դպրոցի տնօրեն ընտրելու լավ հիմնավորում ունենալու համար առաջարկները մերժվել են խորհրդի կողմից՝ կոնկրետ շահադիտական նպատակներով և դրանց ապացույցները կան»։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել