Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին
18:06 - 11 մարտի, 2020

Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Այսօր  սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի  ընթացքում Նիկոլ Փաշինյանը այցելեց  Ամուլսարի պահապաններին։ Վերջիններս վարչապետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։

«Լիդիանը նույնիսկ սխալներ է գտել Էլարդի տված եզրակացությունների մեջ, հիմա ազնի՞վ է լսել մեկի փաստարկը, իսկ մյուսին ասել՝ չեմ լսում։ Ես հարցին պատասխանում եմ ուղիղ՝ եթե կան բնապահպանական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, ապա այդ հանքը չի շահագործվի, եթե կան երաշխիքներ, որ այդ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ապա  պետք է աշխատի հանքը»,- ասաց Փաշինյանը։

Ջերմուկցիները արձագանքեցին վարչապետի խոսքին, նշելով, որ ամեն դեպքում իրենք թույլ չեն տա, որ Ամուլսարի  հանքը շահագործվի։ Դրան ի պատասխան Փաշինյանն ասաց՝ 

«Եթե չեք թողնելու, բա ինձնից ինչ եք ուզում»։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող  ջերմուկցիներից մեկի այն դիտարկմանը, թե ինչպես կարող են ապրել այս տարածքում, եթե քիչ հեռու շահագործվի հանքը, վարչապետն ասաց, որ ինքը նույնպես հստակ չի կարող այս պահին պատախանել այդ հարցին։ 

«Եթե ես պետք է կրեմ այդ պատասխանատվությունը, ուրեմն պետք է խորանամ մինչև վերջ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է նման բան, բայց  ես մասնագիտությամբ լրագրող մարդ եմ և որպիսի հասկանամ  իմ պատկերացումները  ճիշտ են, թե ոչ, ինձ պետք է մասնագիտական վստահելի եզրակացություն, մասնագիտական վստահելի բանավեճ։ Էլարի հետ էլ եմ խոսել, Լիդիանի հետ էլ, իրար հետ էլ, նրանք էլ ունեն փաստարկներ։ Էլարդն էլ ունի փաստարկներ, բայց ասել, որ Լիդիանի ասածները փաստարկված չեն՝ դա էլ է սխալ։ Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է,  եթե դուք այստեղ կանգնած չլինեիք էլ, այսօրվա դրությամբ  այնտեղ ոչ մի բան փոխված չէր լինելու»,- ասաց Փաշինյանը։  

Ջերմուկցիների այն դիտարմկման, որ վարչապետի տունը հեռու է, Փաշինյանն արձագանքեց՝ 

«Եթե  դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, որ մտածեմ՝ իմ տունը հեռու է, իսկ ջերմուկցու տունը թող քանդվի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես խոսում իմ հետ, ինչո՞ւ եք թողնում մտնեմ ձեր քաղաք։ Մենք պետք է հասկանանք, այդ հանքը այս մարդկանց տունը քանդելու է , թե ոչ, կառավարելի ռիսկերը տարբերենք անկառավարելի ռիսկերից»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել