Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|
16:58 - 11 մարտի, 2020

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանեցին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնք: Վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին համայնքի բնակիչները, ում Փաշինյանը բուկլետներ բաժանեց և ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու Սահմանադրությունը, եթե քաղաքացիների մեծամասնությունը «Այո» քվեարկի:

«Մենք խնդիր ենք դնում լուծել դատարանի անաչառության հարցը: Մեր ընդդիմադիրները շատ են մեկնաբանում, թե սահմանադրական դատարանը գործող կառավարության վերահսկողության տակ չի և կառավարությունը ցանկանում է վերահսկողություն սահմանել այդ դատարանի նկատմամբ: Նախ ցանկանում եմ ասել, որ եթե ցանկանայինք սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ լիներ, այն կլիներ մեր վերահսկողության տակ, բայց մեր խնդիրը այն չէ, որ  սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ չէ, այլ մեր խնդիրը այն է, որ սահմանադրական դատարանը ուրիշների վերահսկողության տակ է: Այդ ուրիշները նրանք են, ում մենք մերժել ենք 2018 թվականին: Դավաճանություն կլինի իմ կողմից, եթե ՍԴ-ն  իր բովանդակությամբ վստահելի չլինի բոլորիս համար և եթե մենք փորձենք դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել