Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)
22:17 - 20 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)

18:15- Վրաստանը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է  Վրաստանի կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին։


18:10- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազար 400-ը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 89 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 19 հազար 980 դեպք կա, մահացել է հազարից ավելի մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իրանն է, որտեղ արձանագրվել է վարակվածության 19 հազար 644 դեպք: Մահերի թիվը 1433 է:


16։28- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սահմանային անցակետերում կստեղծվեն լրացուցիչ կարանտինային տարածքներ: Ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործող այդ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն անցնել կարանտին սահմանային անցակետերում կառուցված լրացուցիչ կարանտինային տարածքներով։
Կարանտինային տարածքներ կկառուցվեն Լարսի, Կարմիր կամրջի և Սարփիի սահմանային անցակետերում:
 [Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանի] |shantnews.am|

 

15։32- Անգլիայում ու Ուելսում իշխանությունները 65 հազարից ավելի նամակ են ուղարկել թոշակի անցած բժիշկներին ու բուժքույրերին՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի ու միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին։ 
Շոտլանդիայում ևս կառավարությունը աշխատանքի վերադառնալու կոչով դիմել է վերջին երեք տարվա ընթացքում թոշակի անցած բոլոր բուժաշխատողներին։ |BBC|

 

15։09- Հետևելով Ford Otosan և Toyota ընկերությունների օրինակին՝ Honda-ն այսօր Թուրքիային հայտնել է իր գործարանի աշխատանքների կասեցման մասին։ Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկման պատճառով արտադրության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման խափանումներով։

 

14։18- Ուզբեկստանն այսօրվանից  դադարեցնում  է միջազգային բոլոր ուղևորափոխադրումները: Ուղևորափոխադրումներն`ինչպես ավտոբուսներով, ավտոմեքենաներով, այնպես էլ երկաթուղիով, օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրով: Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին, արտաքին առևտրային շրջանառությանը: |armenpress.am|

 

14։12- Վրաստանում մարտի 21-ից կիրականացվեն միայն այն չվերթները, որոնք գործարկում են «Վրացական ավիաուղիներ» ընկերությունը և համաձայնեցված են Վրաստանի կառավարության հետ։
[Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանի]
|aliq.ge|

 

12։55-Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ |armenpress.am|



12։49- Google որոնողական համակարգն այսօր տեղադրել է տարբերանշան` ի պատիվ հունգարացի բժիշկ Իգնաց Զեմմելվեյսի, ով ասեպտիկայի մեթոդի համահիմնադիրներից մեկն է։ Ասեպտիկան մանրէներրի կանխարգելիչ ոչնչացումն է, սարքերի, գործիքների ստերիլիզացումը։ Տարբերանշանի նպատակն է ցույց տալ, թե որքան կարևոր է ձեռքերը լվանալ։ Կից ներկայացվում է նաև տեսահոլովակ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը։

 

12։41- Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել:
Այս մասին հայտնում է Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել: |armenpress.am|

 

12։20- Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում:
Կանադայում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում 271, այնուհետև Օնտարիոյում՝ 258, Ալբերտայում` 146 և այլն: |armenpress.am|

 

12։18- Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:
Աս մասին հայտնում է ՄԹ առողջապահության նախարարության կայքը:
Միացյալ Թագավորությունում իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան:
Կորոնավիրուսից մահացությունների թիվը 144 է: |armenpress.am|

 

11։45- Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի:
Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվը այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: |armenpress.am|

 

11։44- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 035-ի: Այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարությունը նշում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4 440 հոգի: Այս պահի դրությամբ 14 935 մարդ գտնվում է տնային մեկուսացման մեջ:

 

11։23- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ալկոհոլային թունավորման զանգվածային դեպք է գրանցվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։
Պատճառն այն է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նրանք էթիլային անխառն սպիրտ են խմել ու նաև քսել այն ամբողջ մարմնին։
60-ից ավել թունավորվածներից 20-ը մահացել են, 34-ի վիճակը ծանր է և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
|ermenihaber.am|



11։15- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածման կանխման նպատակով փակում է երկրի բոլոր սահմանները։

 

11։05- Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը թվիթերյան գրառում է արել՝ հայտնելով, որ ԵՄ առաջնորդները մարտի 26-ին կանցկացնեն 3-րդ տեսահանդիպումը՝ քննարկելու կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող հետագա գործողությունները։

 

11։03- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3-ով ավելացել է: Այժմ կորոնավիրուսով վարակված 43 անձ կա, որոնցից մեկը առողջացել է:
Ներկայումս 1575 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 275-ը մնում է ստացիոնար հսկողության տակ:
|aliq.ge|

 

10։48- Հինգշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսին Քեմթ Դևիդում կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպումը, դրա փոխարեն երկրների ղեկավարները կանցկացնեն տեսակոնֆերանս։

 

10։44- Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին նշված է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:

 

10։38- Վրաստանի խորհրդարանն այսօրվանից անցնում է լրատվամիջոցների հետ հեռահար կապի: Խորհրդարանի անդամների հետ զրուցելու ցանկության դեպքում լրատվամիջոցները ստիպված կլինեն հարցն ուղարկել խորհրդարանի էլեկտրոնային հասցեին:
Բոլոր նիստերը, մամլո ասուլիսները կհեռարձակվեն առցանց` parliament.ge կայքի միջոցով:
«Երկրում իրավիճակի հարթվելուց անմիջապես հետո, լրատվամիջոցների հետ աշխատանքը կվերականգնվի»,- նշված է խորհդարանի պաշտոնական էջում:
|aliq.ge|

 

09։36-Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 19-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին է հայտարարել, որի խախտումը կարող է հանգեցնել տուգանքների։ 

7 օրվա ընթացքում Իսրայելի բնակիչները կարող են լքել իրենց տները միայն «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», այն է՝ այցելություններ խանութներ, դեղատներ կամ բուժհաստատություններ, աշխատանքի կարող են գնալ այն անձինք, որոնք չեն կարող աշխատել տնից։ Արգելվում է այցելել այգիներ, լողավազաններ, ծովափ, թանգարաններ, սահմանափակվում են հանրային շփումները։

 

09։10- ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 19-ին ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չիրականացնել ճանապարհորդություններ երկրի սահմաններից դուրս ՝ հայտարարելով ճանապարհորդությունների զգուշացման ամենաբարձր՝ 4-րդ մակարդակը։ Փոխանցում է CNN-ը։ 

Պետդեպարտամնետը կոչ է անում դրսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անմիջապես կազմակերպել իրենց վերադարձը երկիր, հակառակ դեպքում պետք է պատրաստ լինեն «անորոշ ժամանակով» մնալ դրսում։

 

08։56- Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ մարտի 19-ի տվյալների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 133 000 թեստ,
գրանցվել է 199 դեպք,
առողջացել է 5 հոգի։

 

08։54- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյալները՝ մարտի 19-ի դրությամբ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ 
Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ 
Գրանցված դեպքեր՝ 10 442,
Մահացության դեպքեր՝ 150։

 

08։51- Եվրոպական Միության տարածքում մարտի 19-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը․ (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։

    
Իտալիա  35713  2978
Իսպանիա  13716  598
Ֆրանսիա  9134  244
Գերմանիա  8198  13
Միացյալ Թագավորություն  2630  103
Նիդեռլանդներ  2051  58
Ավստրիա  1646  4
Բելգիա  1486  14
Նորվեգիա  1423  3
Շվեդիա  1301  10
Դանիա  1115  4
Պորտուգալիա  642  2
Չեխիայի հանրապետություն  522  0
Հունաստան  418  5
Ֆինլանդիա  369  0
Իռլանդիա  366  2
Լեհաստան  287  5
Սլովենիա  286  1
Ռումինիա  260  0
Էստոնիա  258  0
Իսլանդիա  250  0
Լյուքսեմբուրգ  210  2
Սլովակիա  107  0
Բուլղարիա  92  2
Խորվաթիա  81  0
Հունգարիա  73  1
Լատվիա  71  0
Կիպրոս  58  0
Մալթա  48  0
Լիտվա  33  0
Լիխտենշտեյն  25  0
Ընդամենը  82869  4049



08։50- Մարտի 19-ի դրությամբ գրանցված դեպքերի վիճակագրությունն՝ ըստ Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոնի տվյալների․
Գրացված վարակների դեպքեր՝ 213 254
Մահացության դեպքեր՝ 8 843

 

08։49- 2020թ. մայիսի 12-23 կայանալիք ամենամյա Կանի կինոփառատոնը հետաձգվել է կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով։ Այս մասին ասվում երեկ հրապարակված հայտարարության մեջ.
«Մի քանի տաբերակ է քննարկվում, որպեսզի այն կայանա, ու ամենադյուրինը հետաձգելն է մինչև 2020թ․ հունիսի վերջ – հուլիսի սկիզբ։
Երբ Ֆրանսիայում ու ամբողջ աշխարհում առողջապահական իրավիճակը մեզ թույլ կտա տալ ընդհանուր պատկերի իրատեսական գնահատական, մենք կտեղեկացնենք մեր որոշոման մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել