«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել |hetq.am|
14:49 - 07 ապրիլի, 2020

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել |hetq.am|

hetq.am: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման աշխատանքները կատարած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

Մարտի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «լայն թափով ընթանում են» մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները, և 3-4 օրում կառուցվել է 40 նոր պալատ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, նախարարը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ 10 օրում կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել:

Սակայն պարզվում է, որ «Արտկոն» ՓԲԸ-ի 25 աշխատակիցները մարտ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, և ըստ արտադրամասի պետ Հովհաննես Խաչատրյանի՝ ընկերության տնօրենը հրաժարվում է աշխատավարձերը տալուց:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Խաչատրյանը, որն «Արտկոն» ՓԲԸ-ում աշխատում էր այս տարվա փետրվարից, ասաց, որ ապրիլի 6-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ըստ նրա՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձգձգել է աշխատավարձերի վճարումը, իսկ այնուհետև կտրականապես հրաժարվել է:

«Ասել ա՝ գնացեք, ում ուզում եք՝ դիմեք, աշխատավարձ չկա տալու: Մեր բոլոր աշխատակիցների հետ խոսել եմ, բոլորն էլ դժգոհ են, բայց չեն ուզում դրա մասին բարձրաձայնել, չեն ուզում վատամարդ դուրս գալ: Երկու հատ փոքր երեխա ունեմ տունը, աշխատել ենք էն հույսով, որ գումար վաստակենք, հետո կարողանանք հանգիստ նստենք տանը, բայց կտրականապես ոչ մի բան»,- նշում է արտադրամասի պետը:

Հովհաննես Խաչատրյանը պատմում է, որ մոդուլի կառուցման համար օրուգիշեր գործ են արել, տաքսիներով են գնացել աշխատանքի, քանի որ հանրային տրանսպորտը չի գործել:

«Այսքան չարչարվես, աշխատես, որ հետո գան, ասեն՝ ում ուզում եք, բողոքեք: Նույն խնդիրը 20 օր առաջ էլ եղավ, ուզում էի դուրս գալ, բայց ընկերության հիմնադիրը զանգեց, ասաց, որ մնամ: Ճիշտն ասած, եթե այդ ժամանակ դուրս գայի, նրանց փաստի առաջ կկանգնացնեի, որովհետև մի հատ լազերային հաստոց էին բերել, ռուսները դասընթաց էին անում, միայն ես էի սովորում: Ռուսները արդեն գնում էին, ու եթե ես դուրս գայի, էդ հաստոցը անտեր էր մնալու: Մարդկային հանգամանքը հաշվի առնելով՝ հետ գնացի, սակայն արդեն երկրորդ անգամ կանգնեցի փաստի առաջ: Փետրվար ամսվա աշխատավարձը կռվով-դավով եմ ստացել»,- պատմեց Հովհաննես Խաչատրյանը:

 

Ըստ նրա` ապրիլի 6-ի դրությամբ ինքը պետք է ստանա 400 հազար դրամ գումար:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել