Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը որոշում է կայացրել հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Նաիրի հանգստյան տան «Ֆեյսբուք»-ի էջը։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարության՝ մարտի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել  էր, որ  Կառավարությունը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունի և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, ուստի նրանց հիվանդանոցում գտնվելը արդարացված չէ։ Վարչապետը նշել էր, որ այդ պացիենտները պետք է հյուրանոցներում տեղավորվեն, հաշվի առնելով այն, որ ներկայումս հյուրանոցների մեծ մասը դատարկ է։  ՀՀ վարչապետը հանձնարարել էր պատասխանատուներին բանակցել հյուրանոցների հետ այդ խնդիրը լուծելու համար։