Նոր հէկ Եղեգիսում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգմավորի թեկնածուի մասնակցությամբ |hetq.am|
12:21 - 27 հունվարի, 2020

Նոր հէկ Եղեգիսում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգմավորի թեկնածուի մասնակցությամբ |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի ներկայացրած նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը։

Նախատեսվում է փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում՝ «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից։

«Գնդասար էներգո» ընկերությունը գրանցվել է 2018թ․ սեպտեմբերի 14-ին։ Երկու բաժնետր ունի՝ Արմեն Լենիկի Առաքելյանը՝ 80% և «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն` 20 %։

Արմեն Առաքելյանը նաև ընկերության տնօրենն է։ Վերջինս հաշվառված է Վայոց ձորի մարզի Շատին համայնքում և 2017-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։

Արմեն Առաքելյանը, պետռեգիստրի տվյալներով, առնչություն ունի նաև «Եղեգհէկ» (Շատինում հէկ է շահագործում), «Գնդասար ջուր», «Աղբյուր հէկ» ՍՊԸ-ներին։

20 տոկոսի բաժնետեր «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն ևս Հայաստանում է գրանցված: Ըստ ՊԵԿ-ի՝ գործող է և զբաղվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ։

Երկու բաժնետեր ունի՝ Հակոբ Լյուդվիգի Դինգչյանը և ԱՄՆ քաղաքացի Մայքլ Ջեյմս Դելֆիան։ Նրանք հավասար մասնակցություն ունեն ընկերության բաժնեմասում։

Հակոբ Դինգչյանը 17 տարի եղել է Սյունիքի և Վայքի տարածաշրջանի կապի տեխնիկական համակարգերի գլխավոր ինժեներ, այնուհետև նույն ընկերության գլխավոր տնօրեն, Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի գլխավոր տնօրեն։ 2000-2008թ. աշխատել է ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՊԱ Խորհրդատվական ընկերությունում որպես ալտերնատիվ էներգիային, այդ թվում նաև արևային էներգիային առնչվող նախագծերի մենեջեր և տեխնիկական փորձագետ:

Հակոբ Դինգչյանը նաև տարբեր տեսակի գործունեություն ծավալող «Դիկոնտ» ՍՊԸ-ում է բաժնետեր եղել։ Այժմ էլ ընկերության ղեկավար կազմում է։
Մայքլ Ջեյմս Դելֆիայի մասին համացանցում գտանք այն, որ վերջինս որպես USAID ծրագրի ավագ էներգետիկ փորձագետ է հանդես եկել Վրաստանում՝ G4G (Governing for Growth) ծրագրի համար։ Վերջինս 2002թ․ գրանցված ընկերությունում բաժնեմասը ձեռք է բերել 2008թ-ին։

Փորձեցինք հէկի կառուցման և USAID մասնագետի ներգրավվածության վերաբերյալ մանրամասներ ճշտել Հակոբ Դինգչյանից։ Սակայն «Դիկոնտ» ՍՊԸ-ից մեզ փոխանցված հեռախոսահամարին Հ․Դինգչյանը չպատասխանեց։

Հորս բնակավայրի վարչական ղեկավար Շմավոն Ամրգուլյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ 4 աղբյուրներից իրենք այժմ չեն օգտվում, և իրենց խմելաջրին հէկի կառուցումը խոչընդոտ չի առաջացնի։

«Մեր խմելու ջրի հետ կապված խնդիր չկա, մենք ավելի վերևից ենք ջրամատակարարում իրականացնում։ Դրանք ներքևի տարբեր տեղերից, քիչ-քիչ, կարելի է ասել՝ կաթիլ-կաթիլ հավաքվում են փոքր ձորակների մեջ։ Էդ առուներով մենք նախկինում դաշտերն էինք ոռոգում, ցանքատարածություններ ունեինք, բայց հիմա տենց չենք օգտվում»,- նշեց Շմավոն Ամրգուլյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել