Շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի համար. Ռուստամ Բադասյան
14:37 - 03 մայիսի, 2020

Շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի համար. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարդատաության նախարար Ռուստամ Բադասյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին շնորհավորել է  Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և բարեխիղճ լրագրողներին շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ՝ նկատելով, որ մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը:

Արդարադատության նախարարը նաև նշել է. «Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է:

Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն ընդգծող հերթական քայլը կատարվեց և լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալները դարձան հասանելի՝ անվճար հիմունքով: Այս բարեփոխումը նախաձեռնեցինք այն համոզումով, որ կամրապնդենք հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստենք լրատվամիջոցների կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: Այս նպատակին ուղղված մեր բարեփոխումները շարունակական են լինելու:

Միաժամանակ, չենք կարող չնկատել ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները: Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, սա ևս համատեղ ուժերով կհաղթահարենք և էլ ավելի կբարելավենք մամուլի ազատության վիճակը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել