Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել Սևանա լճի վիճակի վերաբերյալ |hetq.am|
07:38 - 09 հուլիսի, 2019

Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել Սևանա լճի վիճակի վերաբերյալ |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանում մեկնարկել է կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին պատգամավորները հարցեր ուղղեցին Սևանա լճի որոշ ափերի կանաչելու վերաբերյալ։

«Կարո՞ղ եք պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Սևանի հետ, արդյոք փորձագիտական պետական մակարդակում արված եզրակացություն կա՞, թե պատճառը որն է»,-հարցրեց «Լուավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Էրիկ Գրիգորյանն արձագանքեց՝ գործոնները մի քանիսն են։

«Կապտականաչ ջրիմուռների աճը, որը վիզուալ տեսանելի է, առկա է ինչպես Սև ծովում, Բայկալ լճում և այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Մեկը՝ Գեղարքունիքի կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտող նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում»,-ասաց նախարարը։

Նախարարի խոսքով, սակայն, հիմնական պատճառն այն է, որ Սևանում առկա սառը շերտը՝ հիպոլինիումը, սահմանված մակարդակից նվազել է։

«Այդ մակարդակի բարձրացումը` վեց մետր, ըստ էության պետք է սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը սահմանափակվի, և դրա հետևանքով ջուրը մնա բարձր որակի»,-ասաց Գրիգորյանը։
Նախարարն ասաց նաև, որ ընթացիկ մոնիթորինգ են իրականացնում, դիմել են երկու միջազգային կազմակերպությունների։

«Նախադրյալներ ենք ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանի լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու համար, նաև դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ կատարվեն, հստակ ախտորոշումը կարվի և պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»,-ասաց Էրիկ Գրիգորյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց` արդյոք ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, որպեսզի ափամերձ մաքրման աշխատանքները պատշաճ կերպով չիրականացնելու համար պատասխանատվության ենթարկվեն համապատասխան սուբյեկտները, քանի որ տարիներ շարունակ պետական բյուջեից հատկացումներ են արվել այդ մաքրման աշխատանքների համար։

Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցվել ջրառների հանդեպ՝ 2,8 միլիարդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու համար։ Նախարարի խոսքով՝ գործ է հարուցվել նաև Արփա-Սևան թունելի շինարարական աշխատանքների առնչությամբ։
Ինչ վերաբերում է լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներին, նախարարն ասաց, որ վերլուծություններ են կատարել և փաթեթն ուղարկել դատախազություն։
ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ հարցրեց, թե արդյոք նախարարության համար Սևանա լճի առկա վիճակն անակնկալ է եղել։

«Էդ որ խոշոր եղջերավոր անասունների անկում է եղել, ձկնատեսակները ոչնչանում են, հանկարծակի տեղեկատվությո՞ւն է ձեզ համար։ Կառավարության նիստերի ժամանակ քանի՞ անգամ եք ներկայացրել այս հարցերը, պատասխանատվություն կրո՞ւմ եք էս վիճակի համար, թե չէ»,-հարցրեց նա։

Էրիկ Գրիգորյանն արձագանքեց՝ միանշանակ կրում է պատասխանատվություն, քանի որ նախարարն ինքն է։

«Ձկնատեսակների մասով հիմնավորված տեղեկատվություն չկա, որ անկում է եղել, կենդանատեսակների հետ կապված լուրերը, որ տարածվեցին, դա առվույտի հետ կապված էր, գյուղացիներին խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին, դա ջրից է եղել։ Պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի»,-ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել