Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է վերանայել խոշոր աղտոտողների և ապօրինի գործունեություն ծավալողների ողջ համակարգը |armenpress.am|
12:08 - 05 հունիսի, 2019

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է վերանայել խոշոր աղտոտողների և ապօրինի գործունեություն ծավալողների ողջ համակարգը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այսուհետև իր աշխատանքներն ավելի շատ կենտրոնացնելու է խոշոր աղտոտողների և ապօրինի գործունեության կանխման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«ՀՀ-ում բնապահպանական վճար վճարող տնտեսավարողների ավելի քան 90 տոկոսը տարեկան մոտ 100 հազար դրամ պակաս է տալիս, իսկ 70 տոկոսը՝ 20 հազար դրամ պակաս»,- տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ նրանք այն տնտեսավարողներն են, ովքեր ոչ ֆինանսական և ոչ էլ բնապահպանական առումներով էական ազդեցություն չեն թողնում:

Նրա խոսքով՝ ՇՄ նախարարության և հարակից այլ կառույցների կողմից զգալի ռեսուրսներ են ծախսվում այդ իրավահարաբերությունների վերահսկման, մոնիթորինգների համար:
«Մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերանայել այդ ամբողջ համակարգը և հիմնական ուշադրությունը դարձվելու է մոտ 30-40 խոշոր աղտոտողի և ապօրինի գործունեության կանխարգելմանը»,- շեշտեց Գրիգորյանը:

Նա անդրադարձավ նաև վերջերս ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՀՀ քրեական և վարչական օրենսգրքերի փոփոխություններին, որտեղ տեղ էր գտել նաև ապօրինի անտառհատումների կետը:

«Բոլոր այն օրենսդրական հնարավոր սողանցքները, որ եղել են՝ փորձել ենք փակել և առավելագույնս վերահսկել այդ գործողություններն ու կանխարգելել ապօրինի անտառհատումները»,- շեշտեց ՇՄ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել