Ոչինչ չի արվում Գեղանուշի խմելու ջրի որակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ
16:42 - 24 հունվարի, 2020

Ոչինչ չի արվում Գեղանուշի խմելու ջրի որակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ

Գեղանուշի խմելու ջուրը չի համապատասխանում սահմանված նորմերին․ ոչ մի գործողություն չի իրականացվում իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչ Գոռ Մկրտչյանն ահազանգել էր, որ իրենց գյուղի խմելու ջուրը վատ որակի է։ Նա պատմեց, որ իրենց խմելու ջուրը գալիս է Խուստուփ լեռան հատվածից, խողովակները վնասված են, դրանք տեղադրվել են մոտ 30 տարի առաջ։ Խողովակների վնասված լինելու պատճառով էլ ջուրն աղտոտվում է, տարատեսակ մանրէներ հայտնվում են խողովակաշարում։

Գեղանուշ գյուղը համայնքների խոշորացումից հետո Կապան խոշորացված համայնքի կազմում է։ Սյունիքի մարզպետարանի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ գյուղում բնակվում է 266 մարդ։

Առողջապահության նախարարությունից փորձեցինք գրավոր հարցմամբ տեղեկություններ ստանալ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի խմելու ջրի ահազանգի վերաբերյալ։ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրեց․ «Գեղանուշ գյուղում 2019 թ-ի ընթացքում իրականացվել են խմեու ջրի 10 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին»։

Առողջապահության նախարարության պատասխան նամակում նաև նշված է, որ հետազոտության արդյունքները տրամադրվել են Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով:

ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը, 2019 թ․ նոյեմբերի 11-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ-ում գործող օրենսդրության, ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահված են համապատասխան ոլորտի տեսչական մարմիններին, որոնք ընդգրկված չեն նախարարությունների կազմում։ Այդուհանդերձ, նախարությունը հայտնել է, որ Գեղանուշ գյուղում 2019 թ․ ընթացքում իրականացվել են խմելու ջրի 10 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, չեն համապատասխանել առողջապահության նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին նույնպես գրավոր հարցում ուղարկեցինք Գեղանուշ գյուղի խմելու ջրի որակի անհամապատասխանության վերաբերյալ, թե մասնավորապես տեսչությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել։

Պատասխան նամակում տեսչությունը տեղեկացրել է․«Խմելու ջրի որակի հետ կապված բողոքի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ բնակավայրի խմելու ջրի նմուշների մանրէաբանական՝ ընդհանուր կոլիֆորմ մանրէներից ցուցանիշը, ըստ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի կողմից բնակչությանը տրվող խմելու ջրի որակի նկատմամբ մշտադիտարկման շրջանակներում 2019 թ․ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյուքների, չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «խմելու ջուր։ Ջրամատակարաման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի կողմից տեսչական մարմին են ուղարկվել խմելու ջրի որակի հետազոտության արդյունքում հայտնաբերված միայն առաջին շեղումների արձանագրությունները։ Խմելու ջրի որակը սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 15․11․2019 թ․ ուղարկվել է գրություն Կապան համայնքի ղեկավարին»։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այլ տեղեկատվություն չտրամադրեցին խմելու ջրում մանրէների տեսակների ու քանակի վերաբերյալ։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը բանավոր զրույցում տեղեկացրեց միայն, որ խմելու ջրի որակի շեղումը և մանրէների առկայությունը հնարավոր է առաջացնի աղեստամոքսային խնդիրներ։

Կապանի համայնքի ղեկավար Գեվորգ Փարսյանից էլ հետաքրքրվեցինք, թե երբ են առաջին անգամ ստացել ահազանգ Գեղանուշ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ, որո՞նք են հայտնաբերված շեղումները խմելու ջրում, ի՞նչ քայլեր են նախաձեռնել Գեղանուշի խմելու ջրի որակը բարելավելու ուղղությամբ։ Հարցրել էինք նաև, թե Գեղանուշի խմելու ջրի ակունքը որտե՞ղ է, ինչպե՞ս և ինչի՞ հետևանքով է աղտոտվում ջուրը, ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացրել համայնքում խմելու ջրի անհամապատասխանությունը, արդյո՞ք եղել են գանգատներ բնակիչների կողմից։

Գևորգ Փարսյանը պատասխանել է, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի կողմից որևէ գրություն չեն ստացել՝ խմելու ջրի որակը սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։

«Եվ առհասարակ Գեղանուշ գյուղի բնակիչներից երբևիցե ջրի որակի վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Անգամ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նման բողոք կամ հարց չի բարձրացվել»,- նշել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարն իր պատասխանում։

Կապանի համայնքի ղեկավարին ուղարկել ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ մեզ տրամադրած փաստաթղթերը, որտեղ գրված է, որ 15․11․2019 թ․ այս գերատեսչությունը տեղեկացրել է Կապանի համայնքի ղեկավարին։

Զանգահարեցինք «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին», որտեղից կրկին հաստատեցին, որ գրությունն ուղարկել են Գևորգ Փարսյանին։ Փաստորեն, նմուշառումը հաստատել է, որ Գեղանուշի խմելու ջուրը չի համապատասխանում սահնված նորմերին, սակայն որևէ գերատեսչության կամ համայնքի ղեկավարության կողմից ոչինչ չի արվում ջրի որակը բարելավելու ուղղությամբ։

Թեհմինե Ենոքյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել