«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձավ պրոբացիոն ծառայության և վաղակետ ազատ արձակման հանձնաժողովների թեմային՝ նշելով, որ այժմ էլ դրանք ընկել են մեկ այլ ծայրահեղության մեջ։ Նա մասնավորապես ասաց․

«Նախկինում նրանք, հատկապես՝ ազատ արձակմանը, պորտաբույծ մարմին էր, որն, ըստ էության, ոչինչ չէր անում։ Շատ դեպքերում չտեսնելով դատապարտյալին՝ իրանք ինչ-որ եզրակացություններ էին գրում քրեակատարողականի պետի տված բնութագրի հիման վրա։ Հիմա էլ այս կառույցները ընկել են հակառակ ծայրահեղության մեջ։ Վախենում են տալ օբյեկտիվ գնահատական։ Տեսնում են, որ դատապարտյալը, իր կոնկրետ հիվանդությունը համարժեք չէ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, բայց վախենում են, էս հեղափոխական նոր թրենդի մեջ մտածում են․ «Եթե օբյեկտիվ գնահատական տանք, կարող ա ասեն՝ կաշառք ենք վերցրել, կարող ա ասեն՝ հովանավորչություն կա և այլն»։ Երբ որ off record խոսում ես էդ մարդկանց հետ, ասում են՝ այո՛, վախենում ենք»։

Զոհրաբյանը նաև ասաց, որ կարող է կալանավորների անուններ նշել, որոնք ուղղակի մահանում են քրեակատարողական հիմնարկում։ «Էս կարիճները վախենում են օբյեկտիվ իրենց աշխատանքը կատարել, որովհետև էս կոռուպցիոն հեշթեգի մեջ եթե իրենք օբյեկտիվ ասեն իրենց խոսքը, որ, այո՛, x-ի հիվանդությունը անհամատեղելի է կալանքը փակ ռեժիմում կրելու, նա պիտի խափանման միջոցը փոխի, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ պրոբացիոն ծառայությունը կամ վաղակետ ազատ արձակման հանձնաժողովն ինչ-որ չարամիտ համագործակցության է գնացել տվյալ դատապարտյալի հարազատների հետ»,- նշեց պատգամավորը։

Նա գլխավոր դատախազից հարցրեց, թե այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինն ինչպես կարելի է գտնել։ «Համակարգը սթրեսի մեջ է, վախենում է անաչառ գնահատական տալ։ Սա լուրջ խնդիր է, ես ձեզ վստահեցնում եմ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նրան պատասխանեց, որ նշված այդ վտանգները նախկինում ավելի շատ էին։ 

«Դուք երկու տարբեր ինստիտուտների մասին խոսեցիք։ Պայմանական վաղակետների առումով ես ուղղակի թվեր կհրապարակեմ։ 2016 թվականին երկրում պայմանական վաղակետ պատժից ազատվել է 115 մարդ, 17 թվականին՝ 365 մարդ, 2018 թվականին՝ 530։ Այսինքն՝ կարծում եմ՝ այս թվերն արդեն իսկ խոսում են այն մասին, որ պայմանական վաղակետ պատժից ազատելու մեխանիզմները գործուն են դառնում»,- ասաց Դավթյանը։ 

Գլխավոր դատախազի խոսքերով՝ որևէ մեկը չպետք է վախենա այդպիսի հաղորդումներից․ հաղորդումներ տալը մի բան է, դրանց քննությունն ու հիմնավորել-չհիմնավորելը մեկ այլ բան։ «Այսինքն՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր գործողություններն անել բարեխիղճ։ Եթե որևէ մեկը կգնա, հաղորդում կտա, պիտի մի վայրկյան մտահոգ չլինենք, որ էդ հաղորդման արդյունքում մենք խնդիր կունենանք, եթե մենք իսկապես չենք իրականացրել էնպիսի գործողություն, որի արդյունքում կարող ենք խնդիր ունենալ»,- ասաց նա։

Արթուր Դավթյանը նշեց, որ ամեն դեպքում չի կարծում, թե ահագնացող խնդիր ունենք, և եթե անհատական դեպքեր կլինեն, պետք է բարձրաձայնել, բայց բացառված է, որ որևէ դատապարտյալ առողջական ամենածանր վիճակներում լինի և առնվազն գլխավոր դատախազության ուշադրությանը չարժանանա։ «Ինձ հայտնի չէ դեռ մի դեպք, որ որևէ բժիշկ վարանի օբյեկտիվ եզրակացություն տալ, որ պատիժը անհամատեղելի է անձի հիվանդության հետ։ Եթե ձեզ հայտնի է, առաջարկում եմ առավել կոնկրետ, առարկայական»,- Նաիրա Զոհրաբյանին դիմեց ՀՀ գլխավոր դատախազը։

Պատգամավորն ասաց, որ կտրամադրի դատապարտյալների կոնկրետ անուններ, որոնք, չլինելով բժիշկ՝ ինքը գտնում է՝ անհամատեղելի են կալանքի հետ։ «Պրոբացիոն ծառայությունն էսպիսի մի ֆորմուլա ունի․ երբ խոսում ես դատապարտյալների հետ, հարցնում՝ ինչ հիմքով մերժեցին, պատասխանը մեկն է՝ Դուք հավատ չներշնչեցիք մեզ։ Բայց մի հատ այդ հավատ չներշնչելու չափորոշիչները ճշտենք, որ հասկանանք՝ որ դեպքում ինչ անեն էդ մարդիկ, որ հավատ ներշնչեն»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ վերջին առնվազն 2-3 տարվա ընթացքում շատ ակտիվ աշխատանքներ են կատարվել այդ մեխանիզմները հստակեցնելու ուղղությամբ՝ նաև ԱԺ-ի ու հենց տիկին Զոհրաբյանի մասնակցությամբ։

«Էսօրվա ձեր պաշտոնական դիրքը՝ որպես մասնագիտական հանձնաժողովի նախագահի, ինձ հնարավորություն են տալիս այդ հարցերը նույնիսկ ձեզ առաջադրելու։ Ոչ թե Դուք ինձ, այլ ես Ձեզ պետք ա առաջադրեմ։ Եթե կա էդպիսի խնդիր, հետևաբար առաջարկում եմ ոչ թե խնդիրներն ուղղակի բարձրաձայնել հետաքրքրության համար, այլ ձեռնարկել քայլեր։ Նորից եմ ասում՝ առարկայական կոնկրետ դեպքով, մեկ, և երկրորդը, եթե որևէ մեխանիզմ էնքան գնահատողական է, որ ողջամտության սահմանը կարող է անցնել, խնդրեմ, փոփոխություն անենք, և մեխանիզմը հստակեցնենք։ Որքան հստակ լինեն մեխանիզմները, իրավակիրառողի համար այնքան լավ»,- ասաց գլխավոր դատախազը։